Դրիդին ընդդեմ Գերմանիայի

Դիմումատուն՝ Աբդելհամիդ Դրիդին, ազգությամբ գերմանացի է, ծնվել է 1982 թվականին, ներկայումս բնակվում է Իսպանիայի Կադիս քաղաքում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է իր գործով դատական նիստ նշանակելու որոշման վերաբերյալ հրապարակային ծանուցմամբ տեղեկանալու մասին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին ներկայանալու և սեփական շահերը պաշտպանելու իրավունքից իրեն զրկելու որոշման մասին։

2009 թվականի մարտին Դիմումատուն կալանավորվել է՝ հարձակում գործելու համար։ Համբուրգի տարածաշրջանային դատարանը որոշել է Դիմումատուի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը և նրան 1․000 եվրո գումարի չափով տուգանք է նշանակել։ Այնուհետև, Դիմումատուն գրություն է ներկայացրել Դատարան՝ իր շահերը պաշտպանելու և Դատարանում իր անունից հանդես գալու համար իրավաբանական ֆակուլտետի ուսանող, Արիֆ անունով երիտասարդին լիազորագիր տրամադրելու և վերջինիս իր փաստաբանը նշանակելու պահանջի վերաբերյալ։ Դիմումատուի փաստաբանը բողոքել է տուգանք նշանակելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնել է Իսպանիա և իր նոր հասցեի տվյալների մասին գրության միջոցով տեղեկացրել է իրավապահ մարմիններին։

2009 թվականի ապրիլի 24-ին Համբուրգի տարածաշրջանային դատարանը որոշել է դադարեցնել Դիմումատուի փաստաբանի լիազորությունները և անձամբ Դատարան ներկայանալու մասին որոշում է հրապարակել։ Այնուհետև, Դատարանը Դիմումատուի գործով նոր դատական նիստ նշանակելու մասին որոշում է կայացրել։ Քանի որ համապատասխան ժամանակահավտածում Դիմումատուն բնակվել է արտերկրում, իրավապահ մարմինները որոշել են դատական նիստի նշանակման մասին տեղեկացնել նրան հանրային ծանուցմամբ։ Դատական նիստի նախօրեին Դիմումատուն հեռախոսազանգի միջոցով տեղեկացել է իր փաստաբանի լիազորությունները կասեցնելու և նոր դատական նիստ նշանակելու մասին Գերմանիայի Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մասին։

Դիմումատուն փոստային ծառայությունների միջոցով հայց է ուղարկել Դատարան՝ դատական նիստը հետաձգելու պահանջով։ Նույն պանաջով հայց է ներկայացրել նաև Դիմումատուի փաստաբանը, սակայն, ապարդյուն։

2009 թվականի մայիսի 13-ին Վերաքննիչ դատարանը Դիմումատուի և վերջինիս փաստաբանի հայցերը մերժելու մասին վճիռ է կայացրել։ Հետագայում, Դիմումատուն նաև սահմանադրական բողոք է ներկայացրել, սակայն այն նույնպես մերժվել է։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք պետք է ունենա բավարար ժամանակ և հնարավորություններ՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Գերմանիան պարտավոր է դատական ծախսերի համար Դիմումատուին վճարել 2․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։