Դիվերսանտների գործը. դատախազը միջնորդել է մեկին դատապարտել ցմահ, մյուսին՝ 22 տարվա ազատազրկման

Լուսանկարը՝ «artsakhpress.am»-ի
Լուսանկարը՝ «artsakhpress.am»-ի

Դեկտեմբերի 19-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է այս տարվա հուլիսին հուլիսին Շահումյանի շրջանում՝ Քարվաճառի ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։

Այս մասին հաղորդում է «Արցախպրես» գործակալությունը:

Մասնավորապես, հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները, գործով ձեռքբերված իրեղեն ապացույցները, ամբաստանյալ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի ցուցմունքները, ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում առկա տեսաձայնագրությունները, դատաբժշկական հետազոտություների արդյունքները, փորձագետների եզրակացությունները՝ մեղադրող կողմը՝ հանձին դատախազ Կարեն Գաբրիելյանի, հանդես է եկել մեղադրական ճառով:

Դատախազ Գաբրիելյանը նշել է, որ ամբաստանյալները 2014 թվականի հունիսին Արցախի սահմանը հատել են ապօրինաբար, առանց փաստաթղթերի։ Փաստ է նաև, որ նրանք սահմանը հատել են հատուկ նպատակներով՝ տեղեկություւններ հավաքելու, ինչպես նաև տեսանկարահանումներ կատարելու համար։ Այնուհետև դատախազը մանրամասնորեն անդրադարձել է դատական նիստի ընթացքում արձանագրված փաստերին, ապացույցներին, տեսագրություններին, կողմերի ցուցմունքներին։

Գործով մեղադրող կողմը ընդգծել է նաև, որ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան փաստի հետ կապված բոլոր ապացույցները վկայում են, որ հանցագործությունն իրագործվել է մեկ անձի կողմից, և որ այդ անձը եղել է Դիլհամ Ասկերովը։ Հայերի նկատմամբ ամբաստանյալ Ասկերովի տածած ազգային ատելության մասին փաստում է նաև այն հանգամանքը, որ սպանված պատանուն նկատի ունենալով, նա ամբաստանյալ Գուլիևին հարցրել էր. «Ինչ է, խղճու՞մ ես հայ տղային» (ինչի մասին Գուլիևը դատաքննության ընթացքում նշել էր իր ցուցմունքում)։

Ըստ մեղադրող կողմի` փաստ է, որ Գուլիևը եղել է հանցախմբի երեք անդամներից մեկը։ Նա տեսանկարահանումներ չի կատարել, բայց մշտապես եղել է հանցավոր խմբի հետ։

Դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա։