Դիվերսանտների գործը. Ասկերովը հրաժարվել է ցուցմունք տալուց

diversantՆոյեմբերի 4-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանում՝ Քարվաճառի ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:

Մասնավորապես, «Արցախպրես»-ի փոխանցմամբ, ամբաստանյալ Դիլհամ Ասկերովն այսօր հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ բոլոր ցուցմունքներն արդեն տվել է նախաքննության ընթացքում, որոնք կարող են հրապարակվել դատախազ Կարեն Գաբրիելյանի կողմից: Այնուհետև մեղադրող կողմը հրապարակել է այս տարվա սեպտեմբերի 16-ի նախաքննության ժամանակ ամբաստանյալ Ասկերովի ցուցմունքները, համաձայն որի` Ասկերովն ընդունել է, որ փորձաքննության արդյունքներով բերված ապացույցները վկայում են, որ ինքն է սպանել Սմբատ Ցականյանին, բայց պատանու սպանության մեջ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Հատկանշական է, որ Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից սպանվել է Ս. Ցականյանը, ունեցել է այն զորամասի համարն, որի հետախուզական գումարտակում ադրբեջանաղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալն, ով սակայն պատահականություն է համարել այդ փաստը: Այնուհետև, դատարանը լսել է տուժողի իրավահաջորդ, սպանվածի հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքները, ըստ որի` Սմբատ Ցականյանը գումար էր վաստակում միրգ հավաքելու և վաճառելու միջոցով: Անհետանալու օրը նա կրկին գնացել էր կեռաս և ընկույզ հավաքելու: Պատանու տարօրինակ ուշացումը անհանգստացրել է ծնողներին և նրանք սկսել են փնտրել բոլոր հավանական վայրերում, որտեղ կարող էր նա լինել: Երկօրյա ապարդյուն որոնումներից հետո դիմել են տեղի ոստիկանության բաժին: Սակայն միայն ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի բացահայտումից հետո է պարզվել, որ պատանին նրանց մոտ է եղել, իսկ ավելի ուշ էլ իմացել են, որ իրենց որդին սպանված է:

Ի դեպ, ձերբակալման պահին դիվերսանտների մոտ հայտնաբերվել էր հայկական դրամ ու «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կանխավճարային քարտ, որը նրանք առգրավել էին Սմբատ Ցականյանից: Հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքի համաձայն` պատանին այդ գումարը հավաքել էր դպրոցական հագուստ և ուսումնական պարագաներ գնելու համար:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաև տուժող Վրեժ Բալայանը: Ադրբեջանական հանցագործ խմբի անդամները, կոտրելով նրա տան կողպեքը, գողացել են անձնագիրն ու զինվորական գրքույկը, վերարկուն, ինչպես նաև հորթը: Նա նշեց, որ անջրանցիկ տոպրակի մեջ դրված փաստաթղթերը կախված են եղել պատին: Տուժող Բալայանն իր փաստաթղթերի անհետանալու մասին տեղեկացել է ոստիկանությունից, երբ արդեն ձերբակալվել էր Դ. Ասկերովը, ում հագած գողացված վերարկուի գրպանից հայտնաբերվել էին կորած փաստաթղթերը:

Ասկերովը հաստատել է, որ իսկապես իր գրպանում են եղել այդ փաստաթղթերը, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել, քանի որ դրանք խմբի սպանված անդամ Հասանովն է գողացել, և , մինչև վերարկուն իրեն հանձնելը, գրպանում էր դրել այդ փաստաթղթերը, որոնց գոյության մասին ինքը միայն ձերբակալման ժամանակ է իմացել: