Դեկտեմբերի 20-ը մարդկանց համերաշխության օրն է

international solidarity dayԴեկտեմբերի 20-ին նշվում է մարդկանց Համերաշխության միջազգային օրը: Այդ առիթով տարածած իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հիշեցրել է, որ այսօր ողջ աշխարհը միավորվել է՝ 2015 թվականից հետո կայուն զարգացման նոր օրակարգ ձևավորելու համար, որպեսզի վերջ տրվի աղքատությանը, հիվանդություններին և ժամանակակից այլ խնդիրներին:

«Անդամ պետությունները, ՄԱԿ-ի կառույցները, փորձագետները, քաղաքացիական հասարակության, գործարար շրջանակների ներկայացուցիչները և միլիոնավոր այլ մարդիկ երկրագնդի բոլոր անկյուններում միասին հավաքվել են ընդհանուր նպատակի գիտակցումով՝ լիարժեք կերպով օգտագործել այս եզակի հնարավորությունը, որը մեկ սերնդի կյանքում միայն մեկ անգամ է տրվում»,-ասել է Բան Կի Մունը՝ ընդգծելով, որ նոր օրակարգի առանցքում մարդիկ են և մեր մոլորակը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ այդ օրակարգը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների վրա և իրականացվի մարդկանց աղքատությունից, սովից ու հիվանդություններից ազատելու վճռականությամբ լի գործընկերների համընդհանուր ջանքերով: Այն պետք է իրականացվի համընդհանուր գործակցության և համերաշխության հիման վրա:

Բան Կի Մունն ավելացրել է, որ կարիքի մեջ ապրող մարդկանց հետ համերաշխությունը հիմնված է հավասարության, մասնակցության և սոցիալական արդարության սկզբունքների հիման վրա և ենթադրում է միջազգային հանրության որոշակի պարտավորություններ: Նրա համոզմամբ՝ միայն ընդհանուր ջանքերով միջազգային հանրությունը կարող է լուծել այնպիսի համընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են աղքատությունը, անհավասարության աճը, կլիմայի փոփոխությունները, առողջապահության ոլորտում լրջագույն խնդիրները, ինչպես օրինակ՝ էբոլայի համաճարակի բռնկումը:

Համերաշխության միջազգային օրը նշվում է սկսած 2006 թվականից՝ 2005 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի հիման վրա, որը նվիրված է աղքատության հաղթահարման պայքարի ՄԱԿ-ի առաջին Տասնամյակին: 2005 թվականի ՄԱԿ-ի բանաձևը հղում է կատարում ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրին, որում ասվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը պետք է դառնա մարդկության հիմնարար արժեքներից մեկը։