Դատավորին «ցռան մոզի» ասելու համար Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

Նոյեմբերի 9-ին քննիչի կողմից որոշում է կայացվել՝ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:  

Ըստ մեղադրանքի՝ 09.2017 թվականին Քննչական կոմիտեի Ավան և Նոր-նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից որոշում է կայացվել Պավել Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Գաբրիելյանի վարույթում քննվող քրեական գործով 2017 թվականի հուլիսի 26-ին Ավան և Նոր-նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում կայացված դատական նիստի ժամանակ հիշյալ գործով ամբաստանյալ Մանուկյանը՝ չենթարկվելով նիստը նախագահող դատավորի օրինական կարգադրություններին, շարունակել է առանց վերջինիս թույլտվության խոսել, իսկ նիստը նախագահող Գաբրիելյանի կողմից՝ իրեն դատական նիստերի դահլիճից 10 ժամով հեռացնելու վերաբերյալ դատական սանկցիա կիրառելուց հետո ոտնձգել է արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին, ինչպես նաև դատավորի պատվի ու արժանապատվության դեմ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ՝ նիստը նախագահող դատավորին անվանելով «ցռան մոզի»:

Պաշտպանը նաև հավելեց, նոյեմբերի 9-ին, երբ կայացվել է վերոնշյալ  որոշումը, քննիչը այցելել  է Պավել Մանուկյանին, սակայն  վերջինս որևէ ցուցմունք չի տվել, չի ստորագրել ու չի ծանոթացել որոշման հետ:

Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որպես տուժող չի ճանաչվել և սույն գործով հարցաքննվել են միայն  դատական կարգադրիչները, ովքեր այդ օրը ներկա են գտնվել դատական նիստերի դահլիճում:

Ինեսսա Պետրոսյանը ասաց, որ Պավել Մանուկյանը այս պահի դրությամբ որևէ դիրքորոշում չի հայտնել, և վերջինս իր խոսքը կասի դատարանում:

Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի