Դատական նիստը հետաձգվեց դատավորի վատառողջ լինելու պատճառով.  «Սասնա ծռեր»-ի  գործ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը: Արդեն մի քանի դատական նիստ է ինչ ամբաստանյալները չեն մասնակցում դատական գործընթացին դատավորի կողմից  սանկցիայի կիրառման պատճառով:

Նշենք, որ այսօրվա զննության ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը կրկին հրաժարվեց բացել պայուսակը, սակայն կարգադրիչները պահանջեցին բացել այն քանի որ մետաղորսիչ սարքը ազդանշան է արձակում: Փաստաբան Դավիթ Գյուրջյանն էլ կարգադրիչներից պահանջեց, որպեսզի վերջիններս արգելված իրերի ցանկ ներկայացնեն, որպեսզի խնդիրը քիչ թե շատ կարգավորվի, սակայն հավելեց, որ այդպիսի ցանկ գոյություն չունի: Փաստաբանը ասաց, որ իր պայուսակում մետաղական են գրիչը եւ նոթատետրը, սակայն հրաժարվեց պայուսակը բացել:

Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի իր գործընկերներ Դավիթ Գյուրջյանին և Մուշեղ Շուշանյանին թույլատրվի ներս մտնել նիստերի դահլիճ, նաև պահանջեց, որպեսզի ամբաստանյալների ներկայությունը ևս ապահովվի, քանի որ նպատակ ունի դատախազների ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, իսկ ամբաստանյալների կարծիքը ևս պետք է:

 «Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է՝ եթե պաշտպանը չի ներկայնում դատարան, ապա նիստը հետաձգվում է, կամ ապահովվում է ամբաստանյալների ներկայությունը: Եթե այլ Քրեական դատավարության օրենսգիրք ունեք, տվեք ծանոթանանք: Քրեական դատավարության օրենսգիրքը ծալել գցել եք ոտքի տակ»,-ասաց պաշտպանը հավելելով, որ եթե դատավորը նպատակ ունի նիստերը  շարունակել 7 տարի, ապա պաշտպանները այդպիսի նպատակ չունեն:

 «Ես հարգում եմ իմ մասնագիտությունը, իմ վստահորդներին և ի տարբերություն ձեզ՝ հարգում եմ Քրեական դատավարության օրենսգիրքը և այն չեմ ծալել գցել մի կողմ»,- ի պատասխան պաշտպանի դժգոհությանն ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

 Փաստաբանի միջնորդությունը դատավորը մերժեց, ինչի արդյունքում Լուսինե Սահակյանը վրդովմունք հայտնեց.

«Հարգելի դատարան, ես հրաժարվում եմ ձեր ապօրինություններին մասնակցել  և ինքնակամ լքում եմ դատական նիստերի դահլիճը»,- ասաց  Լուսինե Սահակյանը և լքեց նիստերի դահլիճը:

Արամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատավորին դիմեց խնդրանքով, որ վերջինս չոտնահարի իրենց իրավունքները և թույլ տա խորհրդակցել իրենց պաշտպանյալների հետ,  հասկանալու համար նրանք դատախազի բացարկի միջնորդություն ունեն, թե ոչ.

«Դատավորի  գործողություններին պետք է համաչափ պատասխան տալ»,-ասաց պաշտպանը և հետևելով գործընկերոջ քայլին՝ լքեց նիստերի դահլիճը: Արայիկ Պապիկյանը ևս լքեց նիստերի դահլիճը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կես ժամյա ընդմիջում հայտարարեց և  հեռացավ խորհրդակցական սենյակ` դահլիճը լքած երեք փաստաբանների նկատմամբ սանկցիայի որոշում կայացնելու նպատակով:

Կոլեգաների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշման վերաբերյալ տեղից վրդովմունք արտահայտեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, որի նկատմամբ դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց:

Ընդմիջումից հետո  ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի այսօրվա դատական նիստը հետաձգվի, որպեսզի պաշտպանները ամբողջական կազմով դատավորի վարքագծի վերաբերյալ դիմեն արդարադատության խորհրդին:

Դատավորը հերթական անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վերադառնալուց հետո դատական նիստը հետաձգվեց՝ դատավորի վատառողջ լինելու պատճառով.

«Իհարկե, մենք կզարմանայինք, որ դատական նիստը հետաձգվեր միջնորդության բավարարման շնորհիվ»,- իր զայրույթն արտահայտեց փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի