‹‹Դատական համակարգը մաքրելու ժամանակն է››. Արա Ղարագյոզյան

Քաղբանտարկյալների ազատման,  Հայաստանի դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև ‹‹Սասնա ծռեր››-ի կատարած ապստամբության  և այլ հարցերի մասին՝ Արայիկ Խանդոյանի պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ հարցազրույցում։

– Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հյատարարեց, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ըստ ձեզ, ի՞նչ կերպ պետք է այս գործընթացը տեղի ունենա:

– Բնականաբար չպետք է բանտերի դռները բացեն և ասեն գնացեք: Նախ և առաջ, ինչպես գիտեք, Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը սահմանել է, թե ով կարող է քաղբանտարկյալ համարվել, իսկ ‹‹Արմինենս ինթերնեյշնլ›› միջազգային իրավապաշտպան կառույցը  դիտարկել է, որ այն անձինք, որոնք զենքով են դուրս գալիս իշխանությունների դեմ, նրանք նույնպես համարվում են այդ հիմքով կալանավորված անձինք՝ քաղաքական բանտարկյալներ: Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի և մնացած պատգամավորների ձերբակալությունից հետո քաղաքական որոշումով  բոլորն ազատ արձակվեցին, ոչ միայն պատգամավորները, այլ նաև հավաքի այն մասնակիցները, որոնք ձերբակալվել էին: Իսկ ինչ մնում է նրան, որ գլխավոր դատախազն ասում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, բա ո՞նց եղավ, որ քաղաքական հարց դրվեց Կարեն Կարապետյանի կողմից և հանդիպումից հետո բոլորն ազատ արձակվեցին: Նույնը նաև Անդրիաս Ղուկասյանի դեպքում տեղի ունեցավ, որը ևս քաղաքական հետապնդման էր ենթարկվում և ազատվեց կալանքից:

– Անդրադառնանք ‹‹Սասնա ծռեր››-ին, վերջերս նրանց աջակիցները ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով, որպեսզի նրանք ազատ արձակվեն: Արդյոք հնարավո՞ր է նրանց ազատումը։

– Ազատ արձակումը, իհարկե, հնրավոր է, և դրա հիմքերը կան : Ինչպես քաղբանտարկյալները, որոնք  հետապնդվել են քաղաքական հայացների համար, այնպես էլ ‹‹Սասնա ծռեր››-ի հարցը պետք է քննարկվի այդ տիրույթում  և հետագայում որոշումներ կայացվի: Իհարկե, այդ որոշումները պետք է կայացվեն դատարանների կողմից, օրինական չի լինի, եթե դռները բացես և անձինք դուրս գան:   Ինչպես գիտեք, բոլորը պատերազմի մասնակիցներ են, և, եթե թուրքից չեն փախել, Հայաստանի Հանրապետությունից ո՞ւր պիտի փաչեն: Տուժողները հիմնականում ոստիկանության աշխատողներ են, տուժողներից մեկն էլ մեր ոստիկանապետն է, ինչպե՞ս պետք է փախուստի դիմեն կամ խոչընդոտեն, կամ ո՞ւմ պետք է խոչընդոտեն, եթե ոստիկանապետին պետք է խոչընդոտեն, այդ դեպքում նա ոստիկանապետ չի կարող կոչվել: ‹‹Սասնա ծռեր››-ի  գործի շրջանակներում պետք է քննարկվի ապստամբության հարցը, այն օրինական է եղել, թե ոչ:

– Ըստ մեղադրանքի՝ նրանք իրականցրել են զինված հարձակում, որի հետևանքով ոստիկաններ են զոհվել, այդ դեպքում ո՞վ պետք է կրի դրա պատասխանատվությունը։

– Մենք այս տիրույթում չենք դիտարկում, քանի որ սպանությունների մասով ես պաշտպանյալներ չունեմ և չեմ կարող դիրքորոշում հայտնել: Սակայն ապստամբությունը լինում է նաև զինված, թեպետ դա ևս դեռ ապացուցված չէ, որ մեր պաշտպանյալները զինված են մտել ներս և թեկուզ մտած էլ լինեին, նրանք իրականացրել են ապստամբություն: Ի վերջո նրանց հարցն այն էր, որն այս օրերին քննարկվեց և հավաքներ տեղի ունեցան, արդյունքում իշխանությունները հեռացան:

– Վերջերս դատարանի դահլիճից ազատ արձակվեց  Անդրիաս Ղուկասյանը, փոխվեց նաև Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը։ Արդյոք կարելի՞ է սրանից ենթադրել, որ Հայաստանի դատական համակարգում, այնուամենայնիվ, փոփոխություններ են տեղի ունեցել:

– Այո′, որոշակի առաջընթաց կա, բայց դա շատ փոքր քայլ է իշխանությունների կողմից: Խոսքը ոչ թե ներկայիս իշխանությունների մասին է, այլ նախկին իշխանությունների, քանի որ նույն այս անձինք հետապնդվում էին նախկին իշխանությունների կողմից: Շատ լավ կլիներ, որ նմանատիպ ձևով դատարանները շարունակեին, սակայն տեսանք, որ այդպես չէ: Հուսով ենք, որ ամեն ինչ պարզապես նոր է և հետագայում, իսկապես, ինչ-որ բան կփոխվի: Դատական համակարգը մաքրելու ժամանակն է, պետք է նախ մաքրեն գլխավոր դատախազին և վճռաբեկ դատարանի նախագահին, որն էլ կլինի նոր ընտրությունների միջոցով, քանի որ դեռ իրավական լծակ չկա և վարչապետը չի կարող նրանց հեռացնել: Երբ նոր ընտրություններ տեղի ունենան, նոր  կասենք, որ Հայաստանում մարդու իրավունքերը կարող են լիարժեք պաշտպանված լինել:

– Իսկ ի՞նչ եք կարծում, Սեֆիլյանի դեպքում ինչո՞ւ սա չկիրառվեց։

– Ես այն կարծիքին եմ, որ Սեֆիլյանը նույնպես քաղաքական բանտարկյալն է։ Ինչպես գիտեք, Սեֆիլյանի նկատամամբ ոչ միայն այս գործով է հետապնդումը, այլ այդ հետապնդումն ունի տարիների փորձ: Նույն ինքը կալանավորվել է մարտի 1-ի գործով և Եվրոպական դատարանը որոշում է կայացրել և հենց Եվրոպական դատարանը փաստում է, որ Սեֆիլյանը քաղբանտարկյալ է, քանի որ պարտադիր չէ, որ պետությունն ընդունի՝ այս անձինք քաղբանտարկյալ են, թե՝ ոչ: