Դատախազությունն արձագանքել է ՄԻՊ-ի հայտարարությանը


genproc RAՀՀ դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ նշված դեպքի և դրա վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու (կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ) հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու հիմքեր չկան:

Այդ մասին, News.am-ի տեղեկացմամբ, հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:

Վերջինս, մասնավորապես ասել է. 

«Նշեմ նաեւ, որ ՄԻՊ-ի հայտարարությունը, թե քննիչը պետք է քննարկեր ինքնիրավչության հանցակազմի առկայության հարցը, ինչը չի արել, իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցեր քրեական գործ, ինքնին սեփական իրավունքները սահմանազանցելուն ուղղված գործողություն է, քանի որ ՄԻՊ-ը իրեն վերապահում է գործառույթ, այն է` ցուցում է տալիս նախաքննության մարմնին եւ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, թե ինչպես պետք է որակել դեպքը, ինչպիսի քրեաիրավական նորմ պետք է կիրառել, այն դեպքում, երբ նման իրավասությամբ օժտված չէ՝ այդպիսով խախտելով ՀՀ օրենսդրությունը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ եւ սպառիչ սահմանում է, թե որ մարմիններն են իրավասու անձի արարքին տալ որեւէ քրեաիրավական գնահատական:

Միաժամանակ, քննիչի կամ դատախազի որոշումները, գործողությունները կամ անգործությունը հանդիսանում են նաեւ դատական վերահսկողության առարկա, եւ միայն վերջինիս կողմից այդ որոշումը վերացնելու կամ անօրինական եւ անհիմն ճանաչվելու պայմաններում կարող է հիմք հանդիանալ պետական որեւէ մարմնի (այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանի) կողմից անօրինական կամ անհիմն որակվելու համար:

Այս իմաստով, կարծում ենք անընդունելի է, որ Պաշտպանի կողմից փորձ է կատարվում նաեւ իրականացնել դատարանի գործառույթներ, քանի որ միայն դատական կարգով բողոքարկման դեպքում կարող է խոսք գնալ քննիչի կամ դատախազի այս կամ այն որոշման կամ գործողության ապօրինության կամ անհիմն լինելու մասին:

Ի դեպ, տվյալ դեպքում քաղաքացին չի բողոքարկել համապատասխան որոշումները դատական կարգով, եւ այս պայմաններում ստանձնել դատարանի գործառույթ՝ անընդունելի է: Ընդորում, Պաշտպանը պետք է որ քաջատեղյակ լինի, որ ապօրինի կամ անհիմն քրեական գործ հարուցելը կամ անձին քրեական հետապնման ենթարկելը նույնպես մարդու իրավունքների կոպիտ ոտնհարում է:

Ինչ վերաբերում է տվյալ արարքն «Ինքնիրավչություն» որակելուն, ապա, իրավաբանական տարրական գիտելիքների տիրապետող եւ հոդվածի մեկնաբանություններին փոքր ինչ ծանոթ որեւէ մասնագետի մոտ անգամ նման հարց չի ծագի, քանի որ այդ մոտեցումը հակասում է անգամ դասագրքային ճշմարտությանը»: