Դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. Մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը:  

Հավելենք, որ «Սասնա ծռեր » 11 ամբաստանյալների գործը քննում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Արթուր Օհանյանը : Այս  մասով ամբաստանյալներն են՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գևորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը  դատաքննությունը սկսելուն պես անցավ ամբաստանյալների ճանաչման փուլին:  

Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը դատարանին տեղեկացրեց, որ իրեն նախապես չեն ծանուցել. «Ինձ ծանուցում չեք ուղարկել, բայց ես իմ ընկերներին հարգելով եկել եմ», ասաց նա հավելելով, որ իրենց շղթայակապ են բերում, որը օրենքի խախտում է համարվում. «Մեզ դատարան բերելուց շղթայակապ են բերում, երբ մեզ ուղեկցում են 4 մեքենա, որոնցից մեկը զինված: Ես բազմիցս բարցրացրել եմ այդ հարցը, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Ձեզ մոտ անկողմնակալությունն ավելի շատ է, քան մյուս դատավորի մոտ․ խնդրում եմ շղթաների հարցը լուծել»:

Դատավոր Արթուր Օհանյանը ամբաստանյալին հավաստիացրեց, որ այս հարցին գոնե որոշ չափով լուծում կտա:

Ամբաստանյալների ինքնության ճշտումից հետո, ամբաստանյալ Արամ Մանուկյանը մեղադրող Պետրոս Պետրոսյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, թե կիբեռհանցագործությունների և թմրանյութերի գործերով զբաղվող դատախազն ի՞նչ կապ ունի սույն  քրեական գործի հետ. «Մեղադրանքի եզրակացությունն անհիմն է՝ 500 էջանոց հեքիաթ, և ամբողջովին պատվերով գրված բան է: Եզրակացության մեջ գրված են զենքերի կոդեր, փամփուշտների տվյալներ, բայց այն, որ մենք պահանջել ենք իշխանափոխությունից, գրված չէ, որ պահանջել ենք իշխանափոխություն՝ նախագահի հրաժարականը»,-ասաց ամբաստանյալը:   

«Իրանք զակազ են կատարում»,-մեղարողների աշխատելավոճի վերաբերյալ արտահայտվեց Մարտիրոս Հակոբյանը. «Դուք չեք դատում նրա համար ինչ մենք կատարել ենք»,- ասաց նա:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ անհիմն համարեց միջնորդությունը և անդրադարձավ ամբաստանյալների վարքագծին, ասելով, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորում՝ ոտքի չկանգնելով:

«Ուրեմն մենք չգիտե՞նք՝ պետք է ոտքի կանգնենք, թե՞ ոչ: Երբ դատարանը կլինի անաչառ՝ ոտքի կկանգնենք, կխոնարվենք էլ»,-ասաց ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը:

Մյուս բոլոր ամբաստանյալները միացան մեղադրողների ինքնաբացարկի միջնորդությանը: Դատավորը ընդմիջում հայտարարեց, հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:

Դատական նիստը վերսկսվելուն պես դտավոր Արթուր Օհանյանը հայտարարեց, որ միջնորդությունը մերժում է:

Դատարանն անցավ պաշտպաններին գործի մեջ ներգրավելու գործընթացին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի