Դաժան սպանություն Գյումրիում. գործով զբաղվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը

gyumriՀունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.):

Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն (Ավստրիական հիվանդանոց)։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ըստ որի հանցագործություն կատարելու համար կասկածվողը շարքային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հրապարակվեց նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն գործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը: Հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քայլեր, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո: