Դադայանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Գարիկ Դադայանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1954 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի դեմ մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարությանը։

2010 թվականին Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի մաքսանենգություն կատարելու համար։ Մասնավորապես՝ Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ Երևանից Վրաստան հարստացված ուրանի տեղափոխման գործընթացին աջակցություն ցուցաբերելու և մաքսանենգությանն օժանդակելու համար։

Հարստացված ուրանի մաքսանենգության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել նաև 2 անձանց դեմ։ Նրանք դատապարտվել են և ենթարկվել են պատասխանատվության Վրաստանի ներպետական դատական ատյանների կողմից, իսկ Դիմումատուն ձերբակալվել և դատապարտվել է Հայաստանում։

Գործի շրջանակներում իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2010 թվականի մարտին Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են 2 անձանց՝ գնացքով Հայաստանից Վրաստան տեղափոխված հարստացված ուրանի վաճառքի փորձ կատարելու համար։ Հարցաքննության ժամանակ 2 մաքսանենգները հայտնել են Վրաստանի քննչական մարմիններին,  որ մաքսանենգության դեպքի իրականացման գործում նրանք համագործակցել են Գարիկ Դադայանի հետ։ Հիմք ընդունելով քրեական գործի հետաքննության փուլում 2 մաքսանենգների կողմից Վրաստանի իշխանություններին տված վկայությունները՝ Հայաստանի ներպետական դատական ատյանները Դիմումատուին մեղավոր ճանաչելու մասին վճիռ են կայացրել։

Իր դեմ հարուցված քրեական գործի դատավարության ընթացքում Դիմումատուն բազմիցս հայց է ներկայացրել Դատարան՝ 2 մաքսանենգներին Հայաստանի Հանրապետությունում հարցաքննելու պահանջով։ Այնուամենայնիվ, ՀՀ ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի բոլոր հայցերը և երբեք անձամբ չեն  հարցաքննել մաքսանենգներին։ Հիմք ընդունելով ձերբակալված 2 անձանց դեմ հարուցված քրեական գործով շարունակվող դատավարության կանոնները և նրանց առաջադրված մեղադրանքներն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իրավունքը՝ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են նրանց տեղափոխել Հայաստան։

2011 թվականին Հայաստանի Առաջին ատյանի դատարանը Դիմումատուին մեղավոր ճանաչելու և վերջինիս 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին որոշում է կայացրել։ Դիմումատուն բողոքել է իրեն ազատազրկման դատապարտելու մասին կայացված որոշման դեմ, սակայն Հայաստանի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ հաստատելով Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ Հայաստանի իշխանությունները հավուր պատշաճի չեն իրականացրել գործի հետաքննությունը և ռադիոակտիվ նյութերի վաճառքի մեջ իր ներգրավվածությունը պարզելու համար անձամբ չեն հարցաքննել 2 մաքսանենգներին, ինչի հետևանքով իրեն ազատազրկման դատապարտելու մասին որոշում կայացնելիս Դատարանը հիմք է ընդունել միայն Վրաստանի իշխանություններին տված 2 մաքսանենգների վկայությունները։ Հետագայում, Դիմումատուն նաև բողոք է ներկայացրել՝ քրեադատավարական օրենքով սահմանված կարգի խախտման վերաբերյալ, սակայն, ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։  Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործի դատավարության արդարացիության մասին։ Դիմումատուն նաև հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ իրեն պատճառված բարոյական վնասի համար 90․000 եվրո գումարի չափով փոխհատուցման պահանջի վերաբերյալ։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է, որ Առաջին ատյանի դատարանն իրեն դատապարտելու մասին որոշում կայացնելիս հաշվի է առել միայն Վրաստանում հարցաքննված 2 վկաների ցուցմունքները։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Դադայանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 2․400 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։