Գրյուիչն ընդդեմ Սերբիայի 

Դիմումատուն՝ Բոշկո Գրյուիչը, ազգությամբ սերբիացի է, ծնվել է 1963 թվականին, բնակվում է Սերբիայի Նովա Պազովա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երկու երեխաների խնամքին և դաստիարակությանը մասնակցելու և նրանց հետ տեսակցության կարգ սահմանելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր երեխաների հետ շփմանը խոչընդոտելու և նրանց հետ տեսակցության հնարավորությունից իրեն զրկելու մասին։ 

Մինչև 2001 թվականը Դիմումատուն բնակվել է իր կնոջ և իրենց երկու համատեղ երեխաների՝ դստեր և որդու հետ։ 2001 թվականին Դիմումատուն ամուսնալուծվել է  կնոջից։ Նույն թվականի հունվարին տեղի Սոցիալական օգնության կենտրոնը Դիմումատուի երկու երեխաների խնամակալության իրավունքը հանձնել է երեխաների մորը՝ թույլատրելով Դիմումատուին տեսակցություններ իրականացնել երեխաների հետ դպրոցական արձակուրդներին՝ շաբաթը մեկ անգամ։

2005 թվականի օգոստոսին իր երկու երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալություն ստանձնելու համար Դիմումատուն հայց է ներկայացրել Դատարան։ Նույն թվականի դեկտեմբերին Սերբիայի Առաջին ատյանի դատարանը երեխաների տեսակցության միջանկյալ կարգ սահմանելու մասին հրաման է արձակել՝ մինչև քաղաքացիական գործով դատավարության ավարտը գործելու պայմանով։

Քաղաքացիական գործով դատավարությունն ավարտվել է 2008 թվականի սեպտեմբերին, և նույն թվականի դեկտեմբերին Սերբիայի Նովա Պազովա շրջանի դատարանը հաստատել է Առաջին ատյանի կայացրած որոշումը։ 2006 թվականի հունվարից Դիմումատուն բազմիցս փորձել է իրագործել 2005 թվականի դեկտեմբերի կայացված դատական որոշումը։ Այնուամենայնիվ, իր երկու երեխաների խնամքին և դաստիարակությանը մասնակցելու և տեսակցության կարգ սահմանելու մասին կայացված դատական որոշումն ի կատար ածելու Դիմումատուի բոլոր փորձերը ձախողվել են։ Դիմումատուի նախկին կինը հրաժարվել է իրագործել Դատարանի կայացրած որոշումը և ամեն կերպ խոչընդոտել է երեխաների հետ տեսակցության Դիմումատուի իրավունքի իրականացմանը։

Սոցիալական ծառայության Նովա Պազովայի տարածքային գործակալությունը և Սերբիայի ներպետական դատական ատյանները տարբեր ժամանակահատվածներում մի շարք հանդիպումներ են կազմակերպել Դիմումատուի, նրա նախկին կնոջ և նրանց երկու երեխաների մասնակցությամբ՝ վերջիններիս ընտանեկան դրությունը պարզելու և իրավիճակը կարգավորելու նպատակով: Դատական կատարածուները հաստատել են, որ Դիմումատուն փորձել է իրագործել երեխաների տեսակցության կարգը սահմանելու մասին Դատարանի կայացրած որոշումը։

2011 թվականի նոյեմբերին Դիմումատուի գործը քննող Առաջին ատյանի դատարանը քաղաքացիական գործով դատավարությունը դադարեցնելու մասին որոշում է կայացրել։ Այնուհետև, Դիմումատուն ծանուցում է ստացել՝ կատարված դատական ծախսերը վճարելու պահանջի վերաբերյալ։ 2015 թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն 2016 թվականի դեկտեմբերին Վերաքննիչ Քաղաքացիական դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ Սերբիայի իրավապահ մարմինները և Հարկադիր կատարման ծառայությունը պատշաճ կերպով չեն իրականացրել իրենց պարտականությունները և չեն իրագործել իր երկու երեխաների հետ տեսակցության միջանկյալ կարգ սահմանելու մասին Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։