Գողություն՝ սուրճ պատրաստող սարքից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Արամի փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքից գումար հափշտակած անձի(անձանց) ինքնությունը:Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ից 04:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Արամի փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դռնակները և հափշտակել մետաղադրամներ ընդունող սարքը և առկա մետաղադրամները:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված  անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: