Գյուլբահար Օզերը և Յուսուֆ Օզերն ըննդեմ Թուրքիայի

Դիմումատուները՝ Գյուլբահար Օզերը և Յուսուֆ Օզերը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1963 և 1965 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Դիմումատուները քույր և եղբայր են։ 2005 թվականի հունվարի 19-ին Թուրքիայի հարավ-արևելքում իրականացված ռազմական գործողությունների ժամանակ թուրք զինվորների կողմից սպանվել է առաջին Դիմումատուի դուստրը՝ 24-ամյա Սիբել Սարթըկը, և երկրորդ Դիմումատուի դուստրը՝ 15-ամյա Ներգիզ Օզերը։

Դժբախտ դեպքից 4 օր անց Դիմումատուները փորձել են տեղափոխել իրենց սպանված երեխաների մարմինները Թուրքիայի Սղերդ քաղաք՝ հուղարկավորություն կազմակերպելու նպատակով։ Սակայն զինվորները չեն թույլատրել Դիմումատուներին մոտենալ դեպքի վայր և տեղեկացրել են, որ տեղի նահանգապետը հրամայել է հուղարկավորել Դիմումատուների երեխաներին մեկ այլ վայրում՝ Սղերդ քաղաքի գերեզմանատանը, ազատ տարածքի բացակայության պատճառով։ Այնուամենայնիվ, հաջորդ օրը տեղի իշխանությունները Դիմումատուների համաձայնության բացակայության պայմաններում կազմակերպել են վերջիններիս երեխաների հուղարկավորությունը Սղերդ նահանգի Էրուհ քաղաքում՝ կրոնական արարողության բացակայությամբ։

Դիմումատուները դիմում են ներկայացրել Թուրքիայի ներպետական դատական ատյաններին՝ զինվորների կողմից սպանված երեխաների մարմիններն իրենց բնակության վայրին մոտ տեղակայված գերեզմանատուն տեղափոխելու պահանջով, սակայն, ապարդյուն։ Այնուհետև, Դիմումատուները բողոք են ներկայացրել ներպետական դատական ատյանների կայացրած որոշման դեմ, սակայն 2009 թվականի մարտին Թուրքիայի Գերագույն Վարչական դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած բողոքը։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում, 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում, 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում և 17-րդ հոդվածի (իրավունքների չարաշահման արգելում) խախտում։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել են իրենց երեխաների մարմինները մեկ այլ գերեզմանատուն տեղափոխելու վերաբերյալ իրենց ներկայացրած պահանջը մերժելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 10․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 3․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։