Գիրլյանն ընդդեմ Ռուսաստանի 

Դիմումատուն՝ Սերգեյ Գիրլյանը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1972 թվականին, ներկայումս բնակվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր նկատմամբ տուգանք նշանակելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է գրավոր մաքսային հայտարարագրի բացակայության պայմաններում երկրից մեծ քանակությամբ կանխիկ արտարժույթի արտահանում իրականացնելու համար իրենից 90 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով բռնագանձում կատարելու որոշման մասին։

2014 թվականին Դիմումատուն վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Այնուհետև, Դիմումատուն վաճառքի իրականացման արդյունքում ստացած ռուսական ռուբլին փոխանակել է համարժեք 100 հազար ԱՄՆ դոլարի: Նույն թվականի մարտին Դիմումատուն քաղաք Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից դեպի քաղաք Օդեսա ճանապարհորդելու ժամանակ փորձել է կանխիկ արտարժույթի արտահանում իրականացնել: Օդանավակայանում ստուգել են Դիմումատուի ձեռքի ուղեբեռը, ինչից հետո նա տեղեկացրել է անվտանգության աշխատակիցներին իր մոտ գտնվող խոշոր չափով գումարի առկայության մասին: Դիմումատուն հայտնել է, որ տեղյակ չի եղել երկրից 10.000 ամերիկյան դոլարը գերազանցող արտարժույթի արտահանման համար մաքսային օրենսգրքով սահմանված կարգի մասին և այդ պատճառով չի կարողացել ներկայացնել մաքսային հայտարարագրի գրանցման համապատասխան փաստաթղթերը:

Ռուսաստանի ներպետական դատական ատյանները Դիմումատուի նկատմամբ 90.000 ԱՄՆ դոլար գումարի չափով տուգանք նշանակելու մասին որոշում են կայացրել: Դիմումատուն բողոքել է դատական ատյանների կայացրած որոշման դեմ և իր բողոքի մեջ նշել է, որ արտարժույթով գումարի ձեռք բերումն իրականացվել է օրինական ճանապարհով: Դիմումատուն իր ներկայացրած բողոքի մեջ նաև նշել է, որ իր կատարած գործողությունները հանցագործություն չեն համարվում: Այնուամենայնիվ, Ռուսաստանի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը և հաստատել է վերջինիս նկատմամբ տուգանք նշանակելու մասին ներպետական դատական ատյանների կայացրած վճիռը:

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է օրինական հիմքերի և հանցագործության հատկանիշների բացակայության պայմաններում իր նկատմամբ չափազանց խոշոր գումարի տուգանք նշանակելու որոշման արդարացիության մասին:

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Գիրլյանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված նյութական վնասի համար նրան վճարել 73.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1.500 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։