Գիշերային ժամերին լռությունը խախտելու համար նախատեսվում է տուգանք

Աղմուկ, աղաղակ, հրավառություն, ավտոմեքենաների ձայներ: Գրեթե չկա մեկը, որին չանհանգստացնի այս երևույթը՝ հատկապես գիշերային ժամերին,  սակայն քչերն են տեղյակ, որ գիշերային ժամերին լռությունը խախտելու համար նախատեսվում է տուգանք:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով  սահամանվում է՝ Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`առաջացնում են նախազգուշացում:

Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

 Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Ամանորի կապակցությամբ կա բացառություն, որի ժամանակ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23.00-ից մինչը հունվարի 1-ը՝ 01.00-ն: