Գերմանիան առաջարկել է ԵՄ-ին Արժույթի միջազգային հիմնադրամի փոխարեն ստեղծել Եվրոպական արժույթի հիմնադրամ 

ԱՄՆ նախագահի անկանխատեսելի գործողություններից խուսափելու համար Գերմանիան Եվրամիությանը առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փոխարեն ստեղծել Եվրոպական արժույթի հիմնադրամ կազմակերպություն՝ SWIFT բանկային տեղեկատվության փոխանակման իր անալոգով։ Բեռլինում կարծում են, որ տարբեր երկրների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները բացասական լուրջ հետևանքներ են առաջացնում համաշխարհային տնտեսության համար։

Տնտեսագետներն իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը հանգեցրել է «առևտրային պատերազմի»։ Գերմանիայի կարծիքով՝ Եվրոպական արժույթի հիմնադրամի ստեղծումը միակ միջոցն է՝ ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանվելու համար։ Ենթադրվում է, որ նման քայլով Գերմանիան ցանկանում է ապահովել եվրոպական ընկերությունների անկախությունը և պաշտպանությունը:

Նշենք՝ SWIFT–ը տեղեկատվության փոխանակման և վճարումներ կատարելու միջազգային, միջբանկային համակարգ է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Բրյուսելում։