Գաֆան ընդդեմ Մալթայի Հանրապետության

Panoramic view of Valletta at sunset with Carmelite Church dome and St. Pauls Anglican Cathedral. Malta

Դիմումատուն՝ Քեննեթ Գաֆան, ազգությամբ մալթացի է, ծնվել է 1972 թվականին։ Ներկայումս Դիմումատուն կրում է իր պատիժը Կորրադինո ուղղիչ հաստատությունում, որը գտնվում է Մալթայի Պաոլա քաղաքում։ Նա դատապարտվել է 35 տարվա ազատազրկման՝ իր նախկին գործընկերոջ սպանության համար։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ մինչև քրեական գործի մինչդատական վարույթի փուլ անցնելն իր նկատմամբ չափազանց խոշոր գումարի չափով գրավ նշանակելու վերաբերյալ։

2010 թվականին Դիմումատուին կալանավորել և տեղափոխել են նախնական կալանավայր, որտեղ նրան պահել են 32 ամիս։ 2012 թվականի օգոստոսին դատարանը որոշել է կալանքից ազատել Դիմումատուին՝ գրավի դիմաց։ Այսպիսով, Դիմումատուն պարտավորվել է վճարել 15․000 եվրո գումարի չափով դատարանի դեպոզիտ և 25․000 եվրո գումարի չափով գրավ՝ անձնական երաշխավորությամբ։ Դիմումատուն իրեն նշանակված գրավն ամբողջությամբ վճարել է, սակայն չի կարողացել վճարել դեպոզիտ գումարը։ Դիմումատուն չորս դիմում է ներկայացրել՝ պահանջվող գումարի նվազեցման համար։ Նրա ներկայացրած բոլոր դիմումները մերժվել են մինչև 2013 թվականի օգոստոս ամիսը, երբ Դիմումատուի մայրը ներկայացել է Մալթայի ներպետական դատական ատյաններին՝ որպես Դիմումատուի երաշխավոր։

Դիմումատուն բողոք է ներկայացրել Մալթայի Սահմանադրական դատարան և իրեն պատճառված վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել, սակայն ապարդյուն։ Նա բողոքել է իր կալանավորման արդարացիության և իր նկատմամաբ չափազանց մեծ գումարի չափով դեպոզիտ նշանակելու մասին։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 3-րդ կետի (ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում: Վերջինս իր բողոքի մեջ նաև նշել է, որ իրեն նախնական կալանավայրում պահելու ժամկետը գերազանցել է օրենքով սահմանված քսանամսյա առավելագույն ժամկետը՝ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում: ՄԻԵԴ-ը վճռել է, որ վերը նշված խախտման բացահայտումն ինքնին պատշաճ և արդարացի բավարարում է և արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է  դատական ծախսերի համար Դիմումատուին վճարել 3․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։