Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող անձինք ներխուժել են Դիվանատան շենք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք են ներխուժել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող անձինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը։

12։03 նախաձեռնության անդամները փորձում են բռնություն գործադրել»։

Այս պահին ցուցարարները շարունակում են մնալ Դիվանատան շենքում:

Ակտիվիստներից մեկի խոսքերով սա ներխուժում չէ, այլ բողոքի ակցիա, և իրենք այստեղ են եկել իրենց բողոքն արտահայտելու համար:

«Ես հիմա պաշտոնապես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝  հորդորել այս կաթողիկոսին հրաժարական տալ»,- ասաց նա՝ նշելով, որ շարունակելու են մնալ այստեղ, քանի դեռ կաթողիկոսը հրաժարական չի տվել: