Բ․Ի․-ն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն ազգությամբ թուրք է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ Դիմումատուի մոտ առաջացած առողջական լուրջ խնդիրներին։ 2006 թվականի մայիսին Դիմումատուն միացել է Թուրքիայի Կեսարիա նահանգի ջոկատի զորավարժություններին՝ 3 ամիս ժամկետով։ Բժշկական հետազոտություն անցնելուց հետո զորանոցի բժիշկները Դիմումատուի մոտ ախտորոշել են թութք (հեմորոյ) հիվանդությունը։

2006 թվականի օգոստոսին՝ զորավարժությունների ավարտին, Դիմումատուին տեղափոխել են Դիարբեքիրի Զինվորական հոսպիտալ՝ հիվանդության նոր ախտանիշների առաջացման և առողջական վիճակի վատթարացման պատճառով։ 2006 թվականի սեպտեմբերի 1-ին Դիմումատուն վիրահատվել է Սղերդ քաղաքի Զինվորական հոսպիտալում։ Դիմումատուին՝ որպես զինծառայող, հիվանդության պատճառով 3 ամիս ժամկետով արձակուրդ են հատկացրել, և նա վերադարձել է Անկարա՝ իր տուն։ Այնուհետև, Դիմումատուի առողջական վիճակը կրկին վատթարացել է, և նա դրա մասին երկու անգամ տեղեկացրել է Զինվորական հոսպիտալի շտապ օգնության բաժանմունքի աշխատակիցներին։ Դիմումատուին հատկացված արձակուրդի ժամկետը երկարաձգվել է, և նրան երկու անգամ տեղափոխել են հիվանդանոց։ 2007 թվականի հուլիսին Դիմումատուն հետազոտության է ենթարկվել ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովը որոշել է հետաձգել Դիմումատուի զինվորական ծառայությունը։

Դիմումատուն բողոք է ներկայացրել Թուրքիայի Պաշտպանության նախարարություն՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ իրեն պատճառված նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման վերաբերյալ, սակայն, ապարդյուն։ Այնուհետև, Դիմումատուն հայց է ներկայացրել Թուրքիայի Ռազմական բարձրագույն վարչական դատարան՝ իրեն պատճառված բոլոր վնասերի փոխհատուցման համար՝ պահանջելով 140․000 Թուրքական լիրա։ Այնուամենայնիվ, Դատարանը գտել է, որ Թուրքիայի իշխանությունները Դիմումատուի առողջական խնդիրների առաջացման և վերջինիս կողմից կատարված ծախսերի համար որևէ պատասխանատավություն չեն կրում և մերժել է Դիմումատուի ներկայացրած հայցը։ Դատարանը մերժել է նաև դատավճռում տեղ գտած սխալի ուղղում կատարելու պահանջով Դիմումատուի ներկայացրած հայցը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է զինվորական հոսպիտալներում ստացած սխալ բուժման հետևանքով։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ առողջական խնդիրներ չի ունեցել զինվորագրումից առաջ, սակայն զինծառայության ժաամնակ հաշմանդամություն է ձեռք բերել։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է Ռազմական բարձրագույն վարչական դատարանի անկախության և անկողմնակալության բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 1․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։