Բրուդանն ընդդեմ Ռումինիայի

Դիմումատուն՝ Լուսիա Բրուդանը, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1958 թվականին, բնակվում է Ռումինիայի Սուատու քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործի դատավարության երկար ժամկետին։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը տևել է 14 տարի՝ 2000 թվականի մարտի 23-ից մինչև 2014 թվականի հունիսի 18-ը։

2000 թվականին Դիմումատուն կալանավորվել է՝ նավթամթերքի առուվաճառքի հետ կապված խարդախության դեպքին մասնակցելու կասկածանքով։ Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Դիմումատուին նախնական կալանավայր։ 2003 թվականի մարտին Ռումինիայի ներպետական դատական ատյանները դատապարտել են Դիմումատուին պայմանական ազատազրկման։ Սակայն Ռումինիայի Բարձրագույն դատական խորհուրդը վճռել է անվավեր ճանաչել Դիմումատուի գործով կայացված որոշումը և հրամայել է նոր փորձագիտական եզրակացություն պատրաստել։

2008 թվականի մայիսին Դատարանը Դիմումատուին ազատազրկման դատապարտելու մասին որոշում է կայացրել։ Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ, և Վերաքննիչ դատարանը կասեցրել է նրան ազատազրկման դատապարտելու մասին կայացված որոշումը։

2012 թվականի սեպտեմբերին Դիմումատուն կրկին կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով։ Դատարանը պարզել է, որ նախկինում Դիմումատուին՝ որպես դատապարտյալի, ներում է շնորհվել՝ Ռումինիայի նախագահի հրամանով։ Այնուհետև, Դատարանը որոշել է կասեցնել Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթը՝ վերջինիս առաջադրված մեղադրանքների վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Հիմք ընդունելով 2006 թվականին Ռումինիայի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ 2013 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը։

2014 թվականի մարտի 3-ին Առաջին ատյանի դատարանը հաստատել է, որ Դիմումատուին առաջադրված մեղադրանքների համար վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է: Այնուհետև, Առաջին ատյանի դատարանը Դիմումատուից գումար բռնագանձելու մասին վճիռ է կայացրել։ Դիմումատուն բողոքել է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն ապարդյուն։ 2014 թվականի հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը հաստատել է Դիմումատուից գումար բռնագանձելու մասին կայացված որոշումը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործի դատավարության երկար ժամկետի և Դատարանի կայացրած որոշումները բողոքարկելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 13-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուն իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց չի ներկայացրել։