Բրեդշոուն և ուրիշներն ընդդեմ Մալթայի 

Գործը վերաբերում է 24 մալթացի Դիմումատուների և Մալթայում հիմնված ընկերության ներկայացրած բողոքին՝ Վալետա քաղաքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բազմահարկ շենքը՝ որպես երաժշտական ակումբ վարձակալության հանձնելու որոշմանը։ Դիմումատուները Մալթայի Վալետա քաղաքում տեղակայված անշարժ գույքը ստացել են ժառանգության իրավունքով։ Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցումը կարգավորող Մալթայի օրենսդրության համաձայն՝ Դիմումատուներն ամեն տարի վերանայել են 1946 թվականին իրենց նախնիների կողմից կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը։ Սակայն տեղի իշխանությունները չեն թույլատրել Դիմումատուներին բարձրացնել վարձավճարը։

2011 թվականին Դիմումատուներն իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջի վերաբերյալ հայց են ներկայացրել Մալթայի Սահմանադրական դատարան։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են, որ տեղի իշխանությունները մերժել են իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վարձակալման վճարը բարձրացնելու և այդ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքը հաստատելու մասին իրենց ներկայացրած բոլոր հայցերը՝ առանց համապատասխան փոխհատուցում հատկացնելու։

Մալթայի Առաջին ատյանի դատարանը բավարարել է Դիմումատուների ներկայացրած հայցը, սակայն 2014 թվականին Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Առաջին ատյանի կայացրած որոշումը։ Դատարանը որոշել է, որ Դիմումատուների նկատմամբ որևէ խախտում տեղի չի ունեցել, քանի որ նրանց նախնիներն իրենց կամքով կնքել են վարձակալության պայմանագիրը՝ գիտակցելով դրա գործողության արդյունքում առաջացած հետևանքները։ 2016 թվականին Դիմումատուները դատական գործի վերանայման պահանջի մասին հայց են ներկայացրել, սակայն, ապարդյուն։ Այնուհետև, տեղի իշխանությունները Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող բազմահարկ շենքը՝ որպես երաժշտական ակումբ վարձակալության հանձնելու մասին որոշում են կայացրել՝ առանց Դիմումատուների համաձայնության։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել են իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքը հաստատելու համար իրենց ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։ Դիմումատուները նաև բողոքել են իրենց համաձայնության բացակայության պայմաններում բազմահարկ շենքը՝ որպես երաժշտական ակումբ շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով վարձակալության հանձնելու որոշման մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 24 Դիմումատուների և Դիմումատու ընկերության նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Մալթան պարտավոր է բոլոր Դիմումատուներին միասին նյութական վնասի համար վճարել 592.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, 8․000 եվրո վճարել Դիմումատուներին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար և 10.700 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։