Բուրսա քաղաքի Փաստաբանների պալատը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի   

Գործի շրջանակներում Թուրքիայի Բուրսա քաղաքի Փաստաբանների պալատը, նույն քաղաքում հիմնված «Բնության և շրջակա միջավայրի պահպանության միություն» կազմակերպությունը և 21 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Թուրքիայի դեմ՝ օսլայի գործարանի կառուցման և շահագործման վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումները չկատարելու վերաբերյալ։ Մասնավորապես, Դիմումատուները բողոք են ներկայացրել ԱՄՆ-ում գործող «Կարգիլլ» ընկերության կողմից Բուրսա քաղաքի Օրհանգազի գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողի վրա օսլայի գործարանի կառուցման և շահագործման թույլտվությունը չեղյալ համարելու մասին Դատարանի կայացրած որոշումները չկատարելու վերաբերյալ։

Բողոք ներկայացրած 21 Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1947 թվականից մինչև 1980 թվականն ընկած ժամանակահատվածում և բնակվում են Թուրքիայի Բուրսա քաղաքում։ «Կարգիլլ» ընկերության կողմից Բուրսայում օսլայի գործարանի կառուցումը մեկնարկել է 1998 թվականին։ 2000 թվականին այն սկսել է աշխատել և դեռևս շարունակում է գործել։

Դիմումատուները վարչական բողոք են ներկայացրել Բուրսայի քաղաքային դատարան՝ գործարանի աշխատանքը դադարեցնելու նպատակով։ Այնուհետև, Դատարանը գործարանի կառուցման և շահագործման թույլտվությունը չեղյալ հայտարարելու մասին որոշում է կայացրել, սակայն գործարանը շարունակել է աշխատել։ Դատարանի որոշումներին հաջորդել է նաև հարկադիր կատարողի հրամանը՝ գործարանի աշխատանքը դադարեցնելու մասին, սակայն Դատարանի և Հարկադիր կատարման ծառայության որոշումները չեն իրագործվել։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում, 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են Բուրսայի քաղաքային դատարանի և հարկադիր կատարողի կայացրած վարչական գործով որոշումները չկատարելու մասին։

Այսպիսով,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ 21 Դիմումատուներից միայն 6 Դիմումատուների նկատմամբ։

ՄԻԵԴ-ը մերժել է Դիմումատուների ներկայացրած հայցը՝ արդարացի փոխհատուցման պահանջի մասին։