Բոլոր տուժածների մոտ բեկորային վնասվածքներ են. Ծանր վիճակում գտնվող երեխայի վերքը կարվել է

Պայթյունից տուժածների վիճակն արդեն կայուն է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով քիչ առաջ ժամանել էր Գրիգոր Լուսավորիչ ԲԿ.  «Բարեբախտաբար, երեխաների վիճակը միջին ծանրության է։ Միայն մի երեխայի վիճակն էր ծանր։ Վիրահատությունը կավարտվի, նրան կբերեն պալատ։ Նա բավականին մեծ վնասվածք է ստացել ազդրի վերին հատվածում. մկանները վնասվել են, բայց, լավ է, որ ոսկորը չի վնասվել, ամբողջը վերականգնել են: Այս պահին մյուս բոլորի վիճակը ստաբիլ է»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Մինասյանն իր հերթին հայտնեց, որ բոլոր տուժածների մոտ բեկորային վնասվածքներ են եղել, իսկ ծանր վիճակում գտնվող երեխայի վերքը կարվել է։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը հավելեց, որ Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը ավարտվել է և վիրահատությունը նորմալ է անցել, երեխայի վիճակը կայուն է: Արա Մինասյանի խոսքերով՝ աղջիկը դեռ մոտ երկու շաբաթ կմնա հիվանդանոցում, սակայն նրան ոչ մի վտանգ չի սպառնում

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին   Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն. Կան 8 տուժածներ, որոնց մեջ գերակշիռ մաս են կազմում անչափահասները: