Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

Belarus-palata predstaviteleyԲելառուսի խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեկտեմբերի 19-ին վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է  բելառուսական «Բելտա» գործակալությունը։

Նախքան փաստաթղթի վավերացումը Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով վավերացման վերաբերյալ օրինագիծը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անդամակցումից հետո չի մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։

«Մենք մտահոգություն ունեինք, որ տարածքները, որոնք Հայաստանի կազմի մեջ չեն մտնում, կարող էին հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմը ըմբռնմամբ ընդունեց այս պահանջը, այս ցանկությունը։ Պայմանագրին կցվել է նոտա առ այն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չէ։ Արվել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարություն»,- ասել է նա։

«Բելտա»-ի փոխանցմամբ՝ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը լրագրողներին ասել է, որ «այսօր պատմական օր է»։ «Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր ցանկությունը, զարգացման մեր ուղղությունը։ Վավերացումից հետո մենք դառնում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ դա մեծ հնարավորություններ է նշանակում»,- ասել է նա։