Բարտաիան ընդդեմ Վրաստանի 

Դիմումատուն՝ Ալեքսանդր Բարտաիան, ազգությամբ վրացի է, ծնվել է 1938 թվականին և ապրում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Գործի շրջանակներում Դիմումատուն աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո բողոք է ներկայացրել իր գործատուի՝ տպագրական ընկերության դեմ: 

2004 թվականի հունվարի 28-ին կայացել է Դիմումատուի գործով դատական նիստը։ Դիմումատուի շահերը ներկայացնող փաստաբանը ներկա չի գտնվել դատական նիստին՝ միաժամանակ մեկ այլ գործով դատական նիստին մասնակցելու պատճառով։ Դատական նիստից մի քանի օր առաջ Դիմումատուի փաստաբանը տեղեկացրել է Դատարանին առաջիկա նիստին չմասնակցելու վերաբերյալ և միջնորդել է դատական նիստը հետաձգել։ Վրաստանի ներպետական դատական ատյաններն անպատասխան են թողել փաստաբանի ներկայացրած պահանջը, և Դիմումատուն ներկայացել է Դատարան՝ առանց իր փաստաբանի։ Այնուհետև, Դիմումատուն հրաժարվել է իր փաստաբանի բացակայության պայմաններում մասնակցել դատական նիստին և դիմել է համապատասխան մարմիններին՝ դատական նիստը հետաձգելու պահանջով։ Այնուամենայնիվ, ներպետական դատական ատյանները որոշել են Դիմումատուի կողմից դատական նիստին մասնակցելուց հրաժարվելը հավասարազոր ճանաչել նրա բացակայությանը։ Այնուհետև, ներպետական դատական ատյանները Դիմումատուի բացակայությամբ վճիռ են կայացրել՝ տպագրական ընկերության դեմ Դիմումատուի ներկայացրած բողոքը մերժելու մասին։ Դիմումատուի փաստաբանը Դատարանի կայացրած որոշումն անվավեր ճանաչելու պահանջով միջնորդություն է ներկայացրել, սակայն, ապարդյուն։

2005 թվականի մայիսին Վրաստանի Վերաքննիչ դատարանը, իսկ նույն թվականի սեպտեմբերին՝ Վճռաբեկ դատարանը մերժել է ներպետական դատական ատյանների կայացրած որոշման դեմ Դիմումատուի ներկայացրած բոլոր բողոքները՝ հիմնավորելով, որ Դիմումատուն և վերջինիս փաստաբանը հիմնավոր պատճառաբանություն չեն ներկայացրել՝ դատական նիստից բացակայելու համար։ Համապատասխան ներպետական օրենքի համաձայն՝ փաստաբանի մասնակցությունը մեկ այլ գործին հարգելի և հիմնավոր պատճառ չի համարվում՝ դատական նիստին նրա բացակայության, ինչպես նաև՝ կողմերից մեկի բացակայության պայմաններում Դատարանի կայացրած որոշումը չեղյալ հայտարարելու համար։ Բացի այդ, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները պարզել են, որ Առաջին ատյանի դատարանը նախազգուշական նամակի միջոցով տեղեկացրել է Դիմումատուին օրենքով սահմանված գործողությունների չկատարման և դատական նիստին նրա բացակայության իրավական հետևանքների մասին։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր գործով դատավարության արդարացիության և իր բացակայության պայմաններում Դատարանի կայացրած որոշման մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ պատասխանող կողմի փախարեն դատական նիստին ներկայացել է վերջինիս փաստաբանը, սակայն իրավապահ մարմինները կողմնակալություն են դրսևորել և հավասար պայմաններ չեն ապահովել երկու կողմերի համար։ Դիմումատուն նաև բողոքել է իր գործով Դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու և նոր հետաքննություն իրականացնելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Վրաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 1․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։