Արմեն Բադալյանն ընդդեմ Հայաստանի 

Դիմումատուն՝ Արմեն Բադալյանն, ազգությամբ հայ է, ծնվել է 1976 թվականին և ապրում է Մեծամոր քաղաքում։ 2011 թվականի հունիսի 23-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ մեկ այլ անձի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Նույն թվականի հուլիսին հեռախոսազանգերի և հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել Դիմումատուի և քննիչի (Դիմումատուի ներկայացրած հայցի գործով նշանակված հետաքննության պատասխանատուի) միջև։ Հերթական հեռախոսային խոսակցություններից մեկի ժամանակ Դիմումատուն վիրավորել է քննիչին և հետաքննության մասին իր դժգոհությունն է արտահայտել։ Նույն օրը Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել։

2011 թվականի հուլիսի 25-ին Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Գործի շրջանակներում քննիչը (տուժող կողմը) և նրա գործընկերը (վկան) բողոքել են, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Դիմումատուն հեռախոսային խոսակցության ժամանակ անպատվել է քննիչին և սպառնացել է ֆիզիկական վնաս հասցնել նրան։

Դատավարության շրջանակներում Դիմումատուն խոստովանել է, որ անպատվել է քննիչին, սակայն երբևէ չի սպառնացել նրան։ Դիմումատուն նաև նշել է, որ անգամ, եթե նրա կողմից սպառնալիք է հնչել քննիչի հասցեին, ապա դա չի կարող համարվել ՀՀ քրեական օրենսգրքի խախտում, քանի որ իր կողմից ներկայացրած հայցի հիման վրա քրեական գործի պաշտոնական վարույթ չի իրականացվել։

2012 թվականի օգոստոսի 6-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ կետով (նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողություններ) դատապարտել է Դիմումատուին մեկ տարի և վեց ամսվա ազատազրկման։ Դիմումատուն բողոքել է դատավճռի դեմ, սակայն 2011 թվականին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա ներկայացրած բողոքը։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը (պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա)՝ Դիմումատուն բողոքել է իր դատավարության և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի արդարացիության մասին։ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ իր կողմից քրեական օրենսգրքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ իր ներկայացրած հայցի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, և պաշտոնական հետաքննություն չի իրականացվել։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Դիմումատուի ներկայացրած հայցի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության փուլում տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում։ Հետևաբար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է Դիմումատուի հայցն անընդունելի։