Արման Թաթոյանը Բուխարեստում մասնակցել է Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր վեհաժողովին

Սեպտեմբերի 20-23-ին Բուխարեստում տեղի է ունեցել Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել ելույթով։ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ծավալած գործունեությունը:

 Անդրադարձ է կատարվել մասնավորապես պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սկզբունքներին։ Իր ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությունից օտարացման որևէ փորձ բացառելու համար, անհրաժեշտություն կա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության նոր ուղղություններ զարգացնել։ Արման Թաթոյանը վեհաժողովականների ուշադրությունը հրավիրել է ազգային, էթնիկ հիմքով ատելության անթույլատրելիության, տարածաշրջանում դրա անթույլատրելի չափերի վրա, նշելով, որ ատելությունը կարող է հանգեցնել իրավունքների լրջագույն խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի:

Գլխավոր վեհաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ղեկավար կազմի խորհրդակցություններ անցկացնել նաև Երևանում:

Վեհաժողովի աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի նախագահի և գլխավոր քարտուղարի ընտրություն։

Վեհաժողովին մասնակցել են  Հայաստանի, Արցախի, Գերմանիայի, Ավստրիայի, Լատվիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Մոլդովայի, Ռումիանիայի և Եվրոպական այլ երկրների օմբուդսմաններ,  մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայացուցիչներ և իրավունքի ոլորտի գիտնականներ (Սերբիա, Գերմանիա և այլն):

Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր վեհաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Այս տարի վեհաժողովի աշխատանքներն անցկացվում էին Ռումինիայի խորհրդարանի շենքում և զուգակցվել էին Ռումինիայի օմբուդսմանի հաստատության հիմնադրման հոբելյանի նշումով: