Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները կմեկնեն Մոլդովա

Սեպտեմբերի 13-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները և փորձագետների խումբը մեկնելու են Քիշնև՝ Մոլդովային ֆինանսական օգնություն հատկացնելու հարցի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ ԱՄՀ առաքելության և Մոլդովայի իշխանությունների հետ բանակցությունները կմեկնարկեն Քիշնևում սեպտեմբերի 13-ին։

Արժույթի միջազգային հիմնադրամի մոլդովական առաքելության ղեկավարի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՀ ներկայացուցիչների աշխատանքային այցը կավարտվի սեպտեմբերի 20-ին։

Հայտնի է, որ ԱՄՀ փորձագետների խումբը՝ հայազգի Ռուբեն Աթոյանի գլխավորությամբ, քննարկումներ կիրականացնի Մոլդովայի իշխանությունների հետ երկրի ֆիսկալ քաղաքականության և դրամավարկային քաղաքականության մասին։ Աշխատանքային այցի ժամանակ ԱՄՀ փորձագետները մտադիր են նաև տեղեկություններ հավաքել Մոլդովայի տնտեսության մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ և Մոլդովայի հետ համագործակցության ընթացիկ ծրագրի համատեքստում այլ կարևոր հարցեր քննարկել։

«ԱՄՀ ներկայացուցիչների կողմից նախաձեռնված աշխատանքային այցերը տարբեր երկրներ պարտադիր բնույթ են կրում կազմակերպության աջակցությամբ այդ երկրներում ծրագրերի իրականացման շրջանակներում»,- հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի մոլդովական առաքելության ղեկավարը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Մոլդովայում բարեփոխումների իրականացման համար երկրին ֆինանսական աջակցության հատկացնելու եռամյա ծրագիրը: Ծրագրով նախատեսված է 178.7 մլն դոլար գումարի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Մոլդովային։ Ծրագրի իրականացման գործընթացի շրջանակներում Մոլդովան արդեն ստացել է 115 մլն դոլար: ԱՄՀ-ի կողմից տրամադրվող 33.8 մլն դոլար գումարի չափով վերջին տրանշը հաստատվել է այս տարվա հունիսին։