Արժույթի միջազգային հիմնադրամը դրական է գնահատել տնտեսական բարեփոխումների ընթացքը Վրաստանում

Օրեր առաջ Վաշինգտոնում հանդիպում է կայացել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև։ Հանդիպման ավարտին ԱՄՀ տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել է Վրաստանում  տնտեսական բարեփոխումների առաջընթացը։

«Վրաստանի վարչապետը և ես քննարկել ենք ԱՄՀ-ի կողմից 285 մլն դոլար գումարի չափով տրամադրված վարկի և «ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմ» ծրագրի շրջանակներում կազմակերպության աջակցությամբ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումների առաջընթացը։ Վրաստանի տնտեսությունը վերականգնման հստակ նշաններ է դրսևորում, որոնք աջակցում են մակրոտնտեսական քաղաքականության զարգացմանը, և դա շատ ողջունելի է»,- նշել է իր հայտարարության մեջ ԱՄՀ տնօրենը։ Նրա խոսքերով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներդրումների, կրթության և մրցունակության աջակցության համար հետագա բարեփոխումների հետ կապված հարցերը։