Արգենտինան բողոք կներկայացնի Վենեսուելայի դեմ Միջազգային քրեական դատարան

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հաստատել է, որ բողոք է ներկայացրել Վենեսուելայի դեմ Միջազգային քրեական դատարան։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում քաղաքականության վերաբերյալ կայացած բարձր մակարդակի քննարկման ժամանակ։ 

«Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Արգենտինան բողոք է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Վենեսուելայի իշխանությունների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ»,- հայտարարել է Արգենտինայի նախագահը: Ավելի վաղ, ՄԱԿ-ի ամբիոնից նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել Միջազգային դատարան Կարակասի դեմ։

Այս տարվա օգոստոսին Մակրին արդեն հայտարարել էր, որ տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարների հետ դիմելու է Միջազգային քրեական դատարան՝ Հարավային Ամերիկայի երկրներում մարդկության դեմ կատարած հանցագործությունները հետաքննելու պահանջով։

2017 թվականին Վենեսուելան գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամի մեջ։ Մի քանի ամիս շարունակ երկրում գործող իշխանության դեմ բողոքի ակցիաներ և ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդիմության ներկայացուցիչների գլխավորությամբ: Մասնավորապես՝ բողոքի պատճառ է հանդիսացել Գերագույն դատարանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ երկրում ընդլայնվել են նախագահի լիազորությունները և սահմանափակվել են ընդդիմության ղեկավարությամբ խորհրդարանի գործառույթները։ Այդ ժամանակաշրջանում զոհվել է ավելի քան 120 մարդ, հազարավոր ցուցարարներ տուժել են և ավելի քան 5 հազար մարդ ձերբակալվել է: