Արա Բաբլոյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի հետ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալի ալ-Ղանիմի հետ:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Կողմերը փաստել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք և երաշխիք է տարբեր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Երկու պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները կարևորել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վերաբերյալ և հույս հայտնել, որ առկա չիրացված ներուժն արդյունավետ կօգտագործվի: