Արամ Ա կաթողիկոսն իր մտահոգությունն ու զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերն ու դրանց դրդապատճառները։

Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը։

Հայտնի է, որ ԱՀ նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել տիրող իրավիճակն ու խոսել դրա դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն իր զորակցությունն ու մտահոգությունն է հայտնել նախագահ Սահակյանին ու Արցախի ժողովրդին՝ շեշտելով, որ առկա մարտահրավերները պետք է լուծվեն փոխըմբռնման մթնոլորտում, իսկ կողմերը պետք է առաջնորդվեն զգոնությամբ ու խոհեմությամբ՝ հեռու մնալով Արցախի անվտանգությանը հնարավոր վնաս հասցնող մթնոլորտի ստեղծումից։