Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ Կատարի հայցը բավարարվել է

Ընթացիկ տարվա հուլիսի 23-ին ՄԱԿ-ի Արդարդատության միջազգային դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեմ Կատարի ներկայացրած հայցը։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Միջազգային դատարանը վճռել է, որ՝

  1. 2017 թվականի հունիսին ԱՄԷ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների արդյունքում երկրից արտաքսված բոլոր կատարցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց նախկին բնակավայր և միանալ իրենց ընտանիքներին,

  2. ԱՄԷ իշխանությունների կողմից իրականացված արտաքսման քաղաքականության արդյունքում կատարցի դպրոցականների և ուսանողների ընդհատված ուսումը պետք է շարունակվի, ուսանողները պետք է ունենան Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց ուսումը շարունակելու հնարավորություն, ինչպես նաև՝ կարող են հետ ստանալ իրենց փաստաթղթերը նախկին ուսումնական հաստատություններից՝ ուսումը մեկ այլ երկրում շարունակելու համար,

  3. ԱՄԷ իշխանությունները պարտավոր են ապահովել իրենց կողմից իրականացված խտրական քաղաքականության հետևանքով տուժած բոլոր կատարցիների ԱՄԷ դատարանների մատչելիությունը և ԱՄԷ դատական ատյաններին դիմելու ազատ իրավունքը։

 Միջազգային դատարանը վճռել է, որ վերոգրյալ որոշումները պարտադիր են Արաբական Միացյալ Էմիրությունների համար և ենթակա են կատարման։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսին ԱՄԷ-ը և արաբական ևս 3 երկրներ հայտարարել են՝ Դոհայի հետ հարաբերությունները խզելու որոշման մասին։ Այնուհետև, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը երկրում բնակվող Կատարի բոլոր քաղաքացիների նկատմամբ խտրական քաղաքականություն է վարել։

Այսպիսով, Կատարը Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ կատարցիների քաղաքացիական և սեփականության իրավունքների խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Կատարը բողոքել է, որ ԱՄԷ իշխանությունները արտաքսել են երկրում բնակվող կատարցիներին, արգելել են կատարցի դպրոցականներին և ուսանողներին շարունակել ուսումը, ընդհատել են Կատարի քաղաքացիների բուժումը հիվանդանոցներում և բռնագրավել են կատարցի գործարարների ակտիվները։

Միջազգային դատարանը արձանագրել  է, որ երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ վեճի լուծման հետագա փուլերի վրա կամ հանգեցնել ներկայիս իրավիճակի վատթարացմանը։