Ավարտվեց Նուբարաշեն խճուղում վիճաբանության ականատեսի հարցաքննությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին շարունակվեց վիճաբանության ականատես-տուժող Սանասար Բադալյանի հարցաքննությունը։

Վկան նշեց, որ Փառանձեմ Մեյթիխանյանը դեպքից 6֊7 ամիս հետո զանգահարել է իրեն և սպառնացել. «Արագ-արագ խոսում էր, ասել է տղաները ցուցմունք են տվել, դու քո հալը կտենեաս, կգաս դատարան պատասխան կտաս ու անջատեց հետախոսը։ Ես հետ զանգեցի, որ հասկանամ ինչ ա ասում, բայց անջատեց»-պատմեց Սանասար  Բադալյանը, հավելելով, որ նիստերից մեկի ավարտից հետո էլ «վրա է հասել» սակայն ոստիկանը եղել է իրենց մեջտեղում, ուստի ոչինչ չի ասել և չի արել։
Վկան հիշեց նաև, որ նախաքննության ընթացքում, դեպից մոտավորապես 1 ամիս անց կրկին իրեն է զանգահարել Փառանձեմ Մեյթիխանյանը և ասել, որ ուզում է շնորհակալություն հայտնել, առաջարկել է հանդիպել, սակայն ինքը հրաժարվել է հանդիպել և ասել է, որ շնորհակալության կարիք չկա։
Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Սանասար Բադալյնից փորձեց ճշտել, թե ինչպես է վերջինս ընկալել «դու քո հալը կտեսնես» արտահայտությունը, վկան էլ ասաց, որ «հաստատ ոչ, որպես շնորհակալություն»։
Տուժողը դատարանում պատմեց նաև այն մասին, որ Փառանձեմ Մեյթիխանյանը նույնիսկ այցելել է իր տուն, սակայն ինքը տանը չի եղել, տանը եղել է մայրը, ով էլ վերջինիս ճանապարհել է։
Դատավոր Աննա Դանիբեկյանը տուժողից պահանջեց հստակեցնել, թե քանի անգամ է Փառանձեմ Մեյթիխանյանը զանգահարել և հանդիպել.«3 անգամ զանգել ա, որից 2-ը տեսնել շնորհակալություն հայտնելու համար, էն մի անգամն էլ «թաթա տալու», որ կգաս դատարան հալդ կտեսնես։ Մի անգամ էլ եկել ա մոր տուն, իսկ էն մի անգամն էլ նիստի վերջում գալիս էր վրես»,-ասաց նա։
 Պաշտպանական կողմը փորձեց ճշտել, թե  չգիտի արդյոք, թե ինչի՞ համար է մոտեցել իրեն, վկան նշեց, որ այդպես էլ պարզ չէր մոտենալու նպատակը։
Պաշտպան Միհրան Պողոսյանը վկայից հետաքրքրվեց արդյո՞ք մեղադրողը կամ տոժողի իրավահաջորդի ներկայացուցիչը իրեն զանգահարել են, ինչին ի պատասխան Սանասար Բադալյանը նշեց, որ ոչ՝ ոչ մի առնչություն չեն ունեցել։
Փառանձեմ Մեյթիխանյանը դատարանում փորձեց պարզաբանել իր Սանասար Բադալյանին զանգահարելու պատճառները. «Այո զանգահարել եմ, նպատակս շնորհակալություն հայտնելն էր։ Ես մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ լինելու Սանասար Բադալյանից»,-ասաց նա։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն վկայի  նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ, նշելով, որ կան էական հակասություններ։
Դատարանը միջնորդությունը մերժեց՝ էական հակասություններ չգտնելու հիմքով,  հավելելով, որ նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ արդեն հրապարակվել և պարզաբանվել է։
Հաջորդ դատական նիստի  կհարցաքննվեն վկաներ Հայկ Պետրոսյանը և Մարիամ Գրիգորյանը։ Նիստը տեղի կունենա մարտի 19-ին։