Ավարտվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տված անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կաշառք ստանալու և կաշառք տալու հանցավոր շղթայում ներգրավված է ևս մեկ` այսպես կոչված «զոն նայող»` Թամազ Ֆերոյանը, որը, 2015 թվականից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնարկում պատիժ կրող Արկադի Պապյանի հետ պարբերաբար տարբեր չափերի կաշառք են տվել ՔԿՀ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց:

Այսպես, «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Թամազ Ֆերոյանն ու մեկ այլ «զոն նայող»` Արկադի Պապյանը, Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը` 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին:

Կաշառքի դիմաց Թ. Ֆերոյանին և Ա. Պապյանին, ինչպես նաև նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալներին տրվել են տարբեր արտոնություններ. քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղով, որոշ դեպքերում Թ. Ֆերոյանի պահանջով դատապարտյալներին և կալանավորված անձանց այլ խցերից տեղափոխել են վերջինիս խուց: Դատապարտյալները հնարավորություն են ստացել ազատ տեղաշարժվել փակ ռեժիմային գոտում, օգտագործել ալկոհոլ ու թմրամիջոցներ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերոմ կրել են ձևական բնույթ:

Բացի ՔԿՀ-ի պետից, Թ. Ֆերոյանը պարբերաբար կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Ա. Թումանյանին, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Ղարաքիշյանին, օպերատիվ բաժնի պետ Ռ. Կիրակոսյանին ու գլխավոր մասնագետ Վ. Ամիրխանյանին: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ Թ. Ֆերոյանը պարբերաբար տարբեր չափերի կաշառք է տվել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի հերթապահ խմբի բոլոր պատասխանատու հերթապահներին և անվտանգության ապահովման բաժնի մասնագետին, ովքեր դրա դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ և այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու և դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում ուղղորդված թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Թամազ Ֆերոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /9 դրվագ/:

Թ. Ֆերոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: