«Ասել, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող անչափահասներն  ուղղված են դուրս գալիս՝ շատ դժվար է»

Անչափահասերի կողմից կատարված հանցագործություններն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակում են մնալ լուրջ հիմնախնդրիներից մեկը: Քիչ չեն դեպքերը, երբ անչափահասն իր կատարած հանցանքի համար հայտնվում է կալանավայրում:

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող են նշանակվել պատիժ կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ: Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը: Իսկ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում, անչափահասը կարող է ազատվել պատասխանատվությունից, այն դեպքում, եթե դատարանը գտնի, որ նրա ուղղվելը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ:

Որո՞նք են անանչափահասների շրջանում գերակշռող հանցագործությունները:

Հայաստանում անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների գերակշիռ մասը կազմում են անձնական ունեցվածքի գողության դեպքերը:

ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության տրամադրած  տվյալներով՝ 2014 թվականի ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 389 դեպք, 2015 թվականին հանցագործությունների թիվը կազմել է 385 դեպք,  2016 թվականին 375 դեպք, իսկ 2017 թվականին  Հայաստանում հանցագործություն է կատարել մոտավորապես 341 անչափահաս: Այս վիճակագրությունից կարելի է եզրակացնել, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը որոշ չափով նվազել է:

Սակայն դրա այլ բացատրությունն էլ կա․

«Չէի ասի, որ  անչափահասների կողմից հանցավորության թիվը նվազել է, պարզապես նվազել է ազատազրկման ձևով, քանի որ հիմնականում ուղղորդվում են դեպի պրոբացիա: Դատարանների կողմից շատ քիչ է նշանակվում ազատազրկումը որպես հիմնական պատժաձև»,- այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ ասաց «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը:

Տիկին Հովակիմյանի խոսքերով՝ այս դեպքում ևս պետք է աշխատանք տարվի անչափահասների հետ, քանի որ, եթե հնարավորություն տրվում է, բայց աշխատանք չի կատարվում, մեծ ռիսկեր կան, որ ավելի մեծ տարիքում էլ անչափահասները իրավախախտ վարք կիրականացնեն:

ՀՀ Արդարադատության նախարարությանը կից քրեակատարողական վարչության մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անչափահասերը մեղադրվում կամ  պատիժ են կրում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 104-րդ (սպանություն), 138-րդ (բռնաբարություն) և 177-րդ (գողություն) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար:  Նշենք, որ 2018 թվականի դրությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անչափահասները նախկինում դատապարտված չեն եղել:

Կա կարծիք, որ հանցագործություն կատարած անչափահասները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, սակայն ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանցագործություն կատարած անչափահասները եղել են՝ ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ  ապահով ընտանիքների երեխաներ: Պարզապես անապահով ընտանիքների երեխաների կողմից կատարված հանցագործությունների թիվը գերակշռում է:

ՀՀ Քրեական օրենսգրքի  89-րդ հոդվածի համաձայն՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար անչափահասների նկատմամբ նշանակվում է ազատազրկում առավելագույնը 1 տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը 7 տարի ժամկետով, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը 10 տարի ժամկետով:

Նշենք, որ ՀՀ-ում անչափահասների նկատմամբ ցմահ ազատազրկում չի կրառվում:

Անչափահաս դատապարտյալների կրթությունն Աբովյան քրեակատարողական հիմնարկում:

Հայաստանում անչափահասների համար նախատեսված միակ պատժավայրը գտնվում է Աբովյան քաղաքում: Ներկայիս դրությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում են թվով 5 անչափահաս անձ՝ 2 դատապարտյալ և 3 կալանավորված անձ, որոնք 17 տարեկան են:

2015-2016թթ դրությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ են կրել թվով 3 դատապարտյալ, սակայն նրանց մեջ չեն եղել պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անչափահասներ:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող անչափահասների զբաղվածությունն ապահովելու համար  գործում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:  Բոլոր անչափահասներն ընդգրկված են ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող՝ կավագործության, փայտի փորագրության, զարդարվեստի, առողջ ապրելակերպ և արդյունավետ հաղորդակցություն դասընթացներին, ինչպես նաև մարզական միջոցառումներին:

«Մենք առավելագույնս փորձում ենք անհատական աշխատել յուրաքանչյուր երեխայի հետ: Համայնքից սկսած՝ երեխան անտեսվում է, բռնանար է, ինքն է բռնության ենթարկվում, ունենում է սոցիալական և ընտանեկան բազմաթիվ խնդիրներ, և այս փուլերով մեծանալով, դառնալով 15-16 տարեկան՝ այդ բոլոր խնդիրներով, հայտնվում է այստեղ: Այն աշխատանքը, որը մենք իրականացնում ենք երեխայի հետ շատ է, բայց բավարար չէ, քանի որ ընտանիքում թողնված խնդիրները շատ մեծ են, և այս դեպքում արդեն համայնքը պետք է աշխատի, ոչ թե մեր թիմը: Համենայն դեպքս մենք փորձում ենք հնարավորինս նրանց տալ այն, ինչով կկարողանանք մեղմացնել կամ  կլրացնենք այդ տարիների բացը»,- հայտնեց ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը:

Տիկին Հովակիմյանի կարծիքով ոչ միշտ է, որ անչափահասները բանտից դուրս են գալիս ուղղված, բայց որոշակի հաջողված դեպքեր լինում են. «Ասել, որ ուղղված են դուրս գալիս, շատ դժվար է: Մենք գոնե մեղմացնում ենք այդ խնդիրները և փորձում ենք երեխաներին ցույց տալ իրենց խնդիրների ուղղությունները»:

Տիկին Հովակիմյանը հայտնեց, որ հաստատությունն ունի մեկ հոգեբան, սակայն իրենց կողմից ևս 2 հոգեբան-դասընթացավար կա, որոնք աշխատում են երեխաների հետ:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անչափահասների ուսուցումն իրակացնելու համար գործում էր Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը, որտեղ կազմակերպվում էր նաև անչափահաս դատապարտյալների և կալանավորված անձանց միջնակարգ կրթությունը, սակայն վերջին տարիներին այն չի գործում:

Անաչափահաների կողմից կատարվող հանցագործությունների նվազեցմանն ուղղված ի՞նչ քայլեր են կատարվում:

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները նվազեցնելու ու այլ իրավախախտումները կանխարգելելու, նվազեցնելու, վերջիններիս իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության անչափահասների գործով ծառայողների կողմից ՀՀ տարածքում գործող ուսումնական հաստատություններում պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում տարբեր իրավական թեմաներով զրույցներ, հանդիպումներ:

Կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում ոստիկանության ծառայողների կողմից մշտական հսկողություն է սահմանվում ոստիկանության տարածքային մարմինների կողմից սպասրկվող վարչական տարածքներում տեղակայված այգիներում, պուրակներում և այլ մարդաշատ վայրերում:

Կանխաչգելիչ բնույթի աշխատանքներ են իրականացվում նաև հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով բաժանմունքներում պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անչափահասների շրջանում: Նշված աշխատանքներում ընդգրլվում են ինչպես հաշվառված անչափահասների ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, այնպես էլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Կանխարգելիչ բնույթի աշխատանքները կրում են շարունակական բնույթ: