«Անամոթ, ճորտի ճորտ». Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները դիմեցին դատախազին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդեց հնարավորություն ընձեռել Սեֆիլյանին, որպեսզի վերջինս ցուցմունք տա դատարանում: Դատավոր Տաթևիկ Գիրգորյանը մերժեց ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ Սեֆիլյանը ժամանակին հրաժարվել է ցուցմունք տալուց:  Արդյունքում փաստաբան Տիգրան Եգորյանը հանդես եկավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ:

Փաստաբանի խոսքերով Տաթևիկ Գրիգորյանը դատավարության ընթացքում՝ իր գործողություններով և կայացրած որոշումներով, դրսևորել է թեթևամիտ վերաբերմունք:

‹‹Դադարեցրե՛ք այս խայտառակությունը և ընդունեք մեր կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը››,- իր խոսքում նշեց փաստաբանը:

Այդ ընթացքում ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձինք ոտքի կանգնեցին և սկսեցին ծափահարել, դատավորի հասցեին հնչեցնելով՝ ‹‹բացարկ-բացարկ››, ‹‹հեռացիր››, ‹‹ամոթ›› վանկարկումները:

Ներկայացված միջնորդությանը միացան փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Տիգրան Հայրապետյանը, սակայն առարկեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ դատավորի կայացրած որոշումը իրավաչափ է:

Մեղադրողի այս խոսքերը զայրացրին դահլիճում գտնվող անձանց, վերջիններս նորից սկսեցին տեղից բղավել՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով դատախազի հասցեին, նրան անվանելով ‹‹անամոթ››, ‹‹ճորտի ճորտ›› և այլն: Ներկաների ծափերն ու վանկարկումները տևական ժամանակ չէր դադարում:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել, իսկ մի շարք քաղաքացիների նկատմամբ կիրառել սանկցիա և հեռացնել նիստերի դահլիճից: Սակայն ընդմիջումից հետո սանկցիայի ենթարկված անձինք չէին ենթարկվել դատավորի որոշմանը և եկել էին դահլիճ: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ իր պահանջը պետք է անահապաղ կատարվի, վերջինիս նյարդերը տեղի տվեցին, և նա  անսպասելի կերպով հետաձգեց դատական նիստն ու լքեց նիստերի դահլիճը:

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում մի քանի պաշտպաններ  հանդես եկան պաշտպանական ճառով:

Մասնավորապես՝ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի շահերի պաշտպան Աննա Ջուվանովան դատարանին հայտնեց, որ մինչ օրես իրենց պաշտպանյալները չգիտեն, թե ինչի համար են մեղադրվում: Վերջինս նշեց, որ չկան բավարար ապացույցներ մեղադրանքների իրավական հիմքերն ապացուցելու համար:

Փաստաբան Աննա Ջուվանովան դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալն ունի թոշակառու մայր, վերջինս միջնորդեց հաշվի առնել այդ հանգամանքը և արդարացնել Գալուստ Գրիգորյանին:

Ճառով հանդես եկավ նաև Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյաննը, վերջինս հայտնեց, որ պատասխան պետք է տան ոչ միայն մեղադրվող անձինք, այլ այն անձինք, որոնք կազմել են այս մեղադրական եզրակացությունը՝ կեղծ ապացույցների հիման վրա: Փաստաբանը նշեց, որ ամբողջ դատավարության ընթացքում մեղադրող կողմը դրսևորել է անտարբերություն. ‹‹Հարգելի դատարան կխնդրեմ, որ դուք ի տարբերություն մեղադրող կողմին, չդրսևորեք անտարբերություն և կայացնեք արդար դատավճիռ››:

Իսկ Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ դատարանին խնդրեց որոշում կայացնելիս իր պաշտպանյալի նկատամամբ կիրառել մեղմացուցիչ հանգամանք՝ հաշվի առնելով, որ իր պատպանյալը ծառայել է բանակում և դատարանի հանդեպ ցուցաբերել է հարգալից վերաբերմունք:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով, որի ժամանակ վերջինս Սեֆիլյանի համար պահանջեց  11 տարվա ազատազրուկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի համար 3 տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 2-ին, որի ժամանակ ճառով հանդես կգան մյուս պաշտպանները:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: