«Այս հետաձգումները վկայում են այն մասին, որ պետք է վերանայել խափանման միջոց կալանքի հարցը». Պաշտպան.« Զինված խմբի» գործով նիստը կրկին հետաձգվեց

« Զինված խմբի» գործով հերթական դատական նիստն այսօր չկայացավ անհայտ պատճառներով. պաշտպանները ևս տեղյակ չէին դատական նիստի չկայանալու պատճառի մասին: Նշենք, որ ամբաստանյալներին դատարան չէին բերել:

Գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական նիստերի նման ձգձգումները բացասական ազդեցություն ունեն ամբաստանյալների առողջության վրա:

«Այս գործով այն մեղադրյալները, որոնք ազատության մեջ են, անգամ իրենք են ծանր տանում ձգձգումները, դե պատկերացրեք՝ կալանավորվածների վիճակը: Այս հետաձգումները վկայում են այն մասին, որ պետք է վերանայել խափանման միջոց կալանքի հարցը, քանի որ պետությունը չի կարողանում ապահովել դատավարության արագ ընթացքը»,-ասաց Հայկ Ալումյանը:

Պաշտպանը հավելեց, որ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը կրկին կբարձրացնի առաջիկա նիստում:

«Բարեբախտաբար, կտրուկ վատթարացումներ հիմա չկան, բայց բանը հասավ նրան, որ առողջականը վատ վիճակում է: Նրան չեն առաջարկում մի հնարավորություն, որով վիճակը կկայունանար: Ճնշումը կտրուկ բարձրանում է, դեղ են տալիս, որ հանկարծ չմահանա: Այդպես չէ կարգը. պետք է պարզել, թե ինչու է ճնշումը տատանվում, ինչու նա չի կարողանում քայլել, ինչու սրտի հետ կապված խնդիրներ ունի»,-իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ դատարանը գտնվում է գաղտնալսումների փուլում: Նախորդ դատական նիստին սույն գործով հրապարակվել է ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի և Արթուր Հակոբյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսումները։ Ըստ Արթուր Վարդանյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների՝   նա խոսում էր զենքի նոր խմբաքանակի ձեռքբերման մասին:

Հավելենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Զինված խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանի առողջական նիճակի պատճառով: Նրա պաշտպան Լևոն Բարսեղյանը միջմնորդել էր նրան հիվանդանոց տեղափոխել, իսկ նախագահող դատավոր Բեկթաշյան էլ իր հերթին հայտնել էր, որ կուղարկի քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում: Գործով մեղադրանք է առաջադրվել Արթուր Վալերիկի Վարդանյանին, Անտոն Դիկրան Թոթոնջյանին, Վահան Շիրխանյանին, Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Ավետիս  Բերբերյանին, Վաղինակ  Ստեփանյանին, Արթուր  Եղիազարյանին, Վահագն  Սալնազարյանին, Արման Հայրապետյանին, Էդվարդ  Ներսիսյանին, Հարություն Սարիբեկյանին, Արա Պողոսյանին, Տիգրան Բոյաջյանին, Գևորգ Ջնդոյանին, Արկադի Մարդոյանին, Ասյա Մկրտչյանին, Մարինե Կաթանյանին և Նելլի Մինասյանին: