ԱՄՆ-ն կորցնում է աշխարհի առաջնորդի կարգավիճակը. Անտոնիու Գուտերրիշը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ նախագահի ազդեցությունը մյուս երկրների վրա աստիճանաբար նվազում է։ Այս մասին  հայտնել է «The Atlantic» ամերիկյան թերթը։ Գուտերիշն ասել է, որ ԱՄՆ նախագահը վաղուց արդեն առաջնորդ չի համարվում։ Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ ԱՄՆ-ն կորցրել է աշխարհում իր գերիշխող դիրքը, իսկ ամերիկյան հասարակությունը կորցրել է գրավչությունը վերջին շրջանում տեղի ունեցած այն բազմաթիվ հակամարտությունների պատճառով, որոնց մեջ ներգրավված է ԱՄՆ-ն։

Անտոնիու Գուտերրիշը հավելել է, որ համաշխարհային աշխարհակարգը՝ հիմնված ԱՄՆ-ի առաջնորության վրա, մոտենում է իր ավարտին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային առաջնորդի կարգավիճակը: Նա նաև կոչ է արել Վաշինգտոնին, ինչպես նաև՝ աշխարհի մյուս պետություններին, ընտելանալ այս նոր իրավիճակին:

Հարցազրույցի ավարտին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն՝ տասնամյակներ առաջ համաշխարհային կայունության երբեմնի երաշխավորը, կորցնում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդելու իր կարողությունը: Այնուամենայնիվ, Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է ստեղծված իրավիճակի վտանգը, քանի որ աշխարհում առկա խնդիրների մեծ մասը հնարավոր չէ լուծել առանց Վաշինգտոնի։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ԱՄՆ-ն լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը: Բացի այդ, ԱՄՆ-ն հայտնել է, որ պատրաստվում է նվազեցնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորումը: