ԱՄՆ նախագահը սպառնացել է լքել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), եթե կազմակերպությունը բարեփոխումներ չիրականացնի։

Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Ավելի վաղ, նա որակել է ԱՀԿ-ն՝ որպես «համընդհանուր աղետ»։ Այս անգամ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե ԱՀԿ-ն բարեփոխումներ չիրականացնի և չբարելավի իր աշխատանքը, ապա նա կդադարի անդամակցել կազմակերպությանը։ ԱՀԿ-ն լքելու հավանականության մասին իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ ԱՀԿ-ն տարիներ շարունակ վատ վերաբերմունք է դրսևորում Միացյալ Նահանգների նկատմամբ:

Այս տարվա հուլիսին ԱՄՆ վարչակազմի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն պատրաստվում է ԱՀԿ-ի կայացրած որոշումներն անտեսելու վերաբերյալ օրինագիծ ընդունել։ Օրինագիծն ընդունելուց հետո ԱՄՆ նախագահն այլ երկրներից ապրանքների ներմուծման համար միակողմանի մաքսատուրքեր և սահմանափակումներ սահմանելու իրավունք ձեռք կբերի՝ առանց ԱՄՆ կոնգրեսի համաձայնության անհրաժեշտության: Այսկերպ, ԱՄՆ իշխանությունները ցանկանում են անտեսել ԱՀԿ-ի հիմնական սկզբունքները: ԱՄՆ վարչակազմը նաև հայտարարել է, որ ԱՀԿ-ի կայացրած որոշումները չկատարելու վերաբերյալ օրինական փաստաթուղթ ընդունելու քայլը հավասարազոր է կազմակերպությանն ԱՄՆ-ի անդամակցության դադարեցմանը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ և հայտնել է ԱՀԿ-ն բարեփոխելու ուղղությամբ լուրջ գործողություններ ձեռնարկելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին։ Բանակցությունների ավարտին ԱՄՆ նախագահը խոստացել է,  որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն կհամագործակցեն ԱՀԿ-ի բարեփոխումների գործընթացում: Բացի այդ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կպայքարեն նաև առևտրի ոլորտում իրականացվող ապօրինի գործողությունների դեմ։