ԱՄՀ-ն 42․25 մլն դոլար գումար կհատկացնի Վրաստանին

Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) «Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմ» եռամյա ծրագրի շրջանակներում 42․25 մլն դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Վրաստանին։ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի տեղակալը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ ԱՄՀ կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանը դեռևս խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ։ ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լեգարդն այս կապակցություն նշել է, որ խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների իրականացման շնորհիվ Վրաստանը կարող է զգալի արդյունքների հասնել՝ հանգեցնելով արտաքին ցնցումների  նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման։

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Վրաստանում տնտեսական բարեփոխումների աջակցության եռամյա ծրագիրը 2017 թվականի ապրիլին: Այս ծրագիրը նախատեսում է աջակցել Վրաստանի տնտեսական բարեփոխումներին և հաջորդական փուլերով 285 մլն դոլար գումարի չափով վարկ տրամադրել Վրաստանին։ Վերոգրյալ գումարից Վրաստանը ստացել է դեռևս 83 մլն դոլար, իսկ գումարի մնացած մասը ԱՄՀ-ը կտրամադրի երկրին՝ ծրագրի շրջանակներում տարին երկու անգամ իրականացվող վերանայման հաջող ավարտի դեպքում։