«Ամեն մի տականք իրան դնումա եսիմ ինչի տեղ ու կարծիքա հայտնում»․ Արայիկ Խանդոյանը մեղադրող դատախազին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ այսօր քննարկվեց փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որին դեմ արտահայտվեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Վերջինիս խոսքը զայրացրեց  «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանին, որը  տեղից խոսեց․ «Իրանց պես ողորմելին ո՞նց կարող է մարդկային մոտեցումը հասկանա։ Ամեն մի տականք իրան դնումա եսիմ ինչի տեղ ու կարծիքա հայտնում»։

Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հանդես էր եկել  իր պաշտպանյալների կալանքի միջոցը փոխելու  վերաբերյալ միջնորդությամբ, որը մնացել էր առանց քննարկման։

Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ Խանդոյանին զգուշացրեց, որ չխոսի և չվիրավորի դատախազին,  հակառակ դեպքում ստիպված կլինի նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից։

«Դուք ավելի լավա ինձի հեռացրեք ընդհանրապես մեր երկրից, եթե կարող եք։ Մեր ասածը լրիվ ըստ էությանա ի տարբերություն որոշ տականքների։ Ես տենց էլ մեռնելու եմ, եթե մեռնեմ ցավդ տանեմ»,- ի պատասխան դատավորի ասաց Խանդոյանը։

Դատավորը հորդորեց Արայիկ Խանդոյանի պաշտպաններին զսպել իրենց պաշտպանյալին և թույլ տալ որպեսզի դատախազն ավարտի իր խոսքը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ իր խոսքում Խանդոյանին ամբաստանյալ կոչեց, ինչին ի պատասխան Խանդոյանն ասաց․ «Ամբաստանյալը դու ես, հլը աչքերիս մեջ նայի»։ Այս խոսքերից հետո դատավոր Մեսրոպ Մակյանն Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառեց սանկցիա՝ մեկ ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից, այնուհետև հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Վերադառնալուց հետո դատավորը մերժեց միջնորդությունը։ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ դատարանին հայտնեց, որ պատրաստվում է լքել նիստերի դահլիճը և մնալ ապակեպատ պատնեշինց այն կողմ այնքան ժամանակ, քանի դեռ իր պաշտպանյալին չեն վերադարձրել նիստերի դահլիճ։

«Ես չեմ կարող դատական նիստերի այս հատվածում մնալ, կլքեմ դահլիճը և կվերադառնամ իմ պաշտպանյալի սանկցիայի ժամկետը լրանալուց հետո։ Ես չեմ կարծում, որ իմ պաշտպանյալը անհարգալից վերաբերմունք է դրսևորել և նա ունի բավարար գիտելիք որպեսզի կարողանա իր դիրքորոշումն արտահայտել։ Դատավորը խնդրում է մեզ կարգի հրավիրել մի մարդու, որը կարող է ցանկացած մեկի՝  անկախ իր պաշտոնից, կարգի հրավիրել»,- ասաց նա։

Արայիկ Խանդոյանի մյուս պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ հայտնեց, որ առանց իր պաշտպանյալի ինքը ևս լիազորված չէ նիստերի դահլիճում գտնվելու համար․ «Այս մարդը նեղվում է, որ իրեն ամբաստանյալ են անվանում, ընդամենը կարելի էր նրան ազգանունով դիմել»։

Խանդոյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ իր կարծիքը հայտնեցին նաև «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամները։ Մասնավորապես Պավել Մանուկյանն ասաց․ «Այս դատախազն, այս գործի համար անընդունակ է, դուք պարտադրանքի կերպով փաթաթում եք մեր վզին», իսկ Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իրենք վիրավորվում են, երբ իրենց ամբաստանյալ են կոչում․ «Երբ դուք կարգի եք հրավիրում դա արդեն վիրավորական է, քանի որ նա կարգի հրավիրվելու կարիք չունի»։

Այնուհետև փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդեց վերադադարձնել իր պաշտպանյալին նիստերի դահլիճ, հակառակ դեպքում կլքի նիստերի դահլիճը։ Դատավորը որոշեց Խանդոյանին վերադարձնել նիստերի դահլիճ, իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ նախազգուշացում։

Նիստի ընթացքում քննարկվեց նաև դատախազ Արամ Արամյանի լիազորագիր ներկայացնելու հարցը։ Փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց ընդմիջել նիստը և հնարավորություն տալ դատախազին լիազորագիր ներկայացնելու համար, սակայն այս միջնորդությունը մերժվեց դատարանի կողմից։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ մեղադրողը լիազորվել է նախորդ գործի ժամանակ և ներկայացված միջնորդությունն  անհիմն է։

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ հունիսի 28-ին այս դատարանում և նույն նիստերի դահլիճում «Սասնա ծռեր» խմբի անդամները ենթարկվել են բռնության՝ դատավորի գիտությամբ․ «Այս նիստերի դահլիճն ըստ էության համարվում է դեպքի վայր և ես միջնորդում եմ դատավարությունն այս դահլիճում չքննել»։ Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ հայտնեց, որ բռնություն իրականացրած անձինք շարունակում են շփվել իրենց պաշտպանյալների հետ, վերջինիս խոսքը շարունակեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ խնդրելով դատարանին միջոցներ ձեռնարկել, որպեսզի այն անձինք, որոնք իրականացրել են այդ բռնությունները կամ ականատես են եղել դրանց, ոչ մի առնչություն չունենան իրենց պաշտպանյալների հետ։

Լսելով փաստաբաններին դատավորը հայտնեց, որ ինքը չունի լիազորություններ ինչ-որ մեկին պարտադրելու որպեսզի նա ուղեկցի կամ չուղեկցի որևէ ամբաստանյալի, հետևաբար չի կարող բավարարել ներկայացված միջնորդությունը։

Իր պաշտպանյալների՝ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի, կալանքի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ էլ հանդես եկավ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը ևս մերժվեց դատավորի կողմից։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման  անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Ելենա Արամյան