ԱԻՆ նախարարը ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Շնորհակալություն հայտնելով աղետների ռիսկի նվազեցման և ճգնաժամային կառավարման ոլորտներում համագործակցության համար՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդգծեց, որ «Նաիրիտ» գործարանի հետ կապված խնդիրների լուծման հարցում առաջիններից մեկը ՀՀ ԱԻՆ աջակցության խնդրանքին արձագանքել է Ֆրանսիան՝ ի դեմս Եվրամիության կողմից ուղարկված փորձագետի և ոլորտում մեծ փորձառություն ունեցող «Վեոլիա Ջուր» ընկերության:

Դրանից բացի՝ նախարարությունը համագործակցում է Ֆրանսիայի հետ սեյսմիկ պաշտպանության և արագ արձագանքման համակարգերի արդիականացման հարցերում:

– Այս օրերին Հայաստանում գտնվող ֆրանսիացի մասնագետներն օգնում են մարզերում տեղադրել նվիրաբերված 6 նորագույն թվային սեյսմիկ կայանները՝ արդիականացնելով սեյսմիկ դիտացանցը, իսկ Ֆրանսիայի կողմից տարիներ առաջ տրամադրված ամենագնաց մեքենան մեզ մեծ ծառայություն մատուցեց թե ՀՀ տարածքում, թե Վրաստանում բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներում,- ասաց ԱԻ նախարարը:

Դեսպան Շարպանտիեն հայտնեց, որ Ֆրանսիան մեծ փորձառություն ունի նաև անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում և պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել իր փորձով:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ընդլայնել համագործակցությունն աղետների ռիսկի նվազեցման բոլոր ոլորտներում:

Ինչպես հաղորդում են ԱԻՆ-ից՝ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հրաժեշտի հանդիպմանը Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ֆրանսիական բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, որոնց ընթացքում երկու կողմերն էլ փորձել են այն զարգացնել ու խորացնել:

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը հաջողություն մաղթեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հետագա գործունեության մեջ: