ԱԺ նախագահը ներկա է գտնվել Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12-ին Երեւան երկաթուղային կայարանում ներկա է գտնվել Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը, որի ընթացքում կայացել է շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» ցուցահանդեսի բացումը:

Ընդունելությանը ներկա են գտնվել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մշակույթի, քաղաքական գործիչներ, դեսպաններ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին, նշել է, որ պատմությունը երկու ժողովուրդներին հանդիպեցրել է ոչ պատահականորեն. հայերն ու շվեյցարացիները նույն հոգեւոր եւ մշակութային արժեհամակարգի կրողներ են: Ինչպես անկախության 26-ամյակը բոլորող Հայաստանը, այնպես էլ իր 726 -ամյակը նշող Շվեյցարիան, շարունակում են ուժ ստանալ ազատության զգացողությունից եւ դժվարությունները հաղթահարելու իրենց հզոր կամքից:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի հետ համագործակցությունը թե որպես բժիշկ, թե որպես Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար: Նա մանրամասնել է, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող համագործակցության ընթացքում իրագործվել են տարբեր, այդ թվում նաեւ առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:

Ինչպես հաղորդում են ԱԺ պաշտոնական կայքից` «Իսկապես ինձ համար շատ հաճելի է իմ ուրախությունը կիսել ձեզ հետ: Ես աշխատանքը միայնակ չեմ իրականացրել, մի ամբողջ թիմ օգնել է ինձ այն կյանքի կոչելու համար»,- ասել է Ֆելիչե Վարինին` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը: