Ադրբեջանցի դիվերսանտների գործով դատավարությունը շարունակվում է. ցուցմունք է տվել Ասկերովը

Լուսանկարը՝ «artsakhpress.am»-ի
Լուսանկարը՝ «artsakhpress.am»-ի

Հոկտեմբերի 28-ին շարունակվել է 2014 թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ:

Այսօր կայացած դատական նիստում ցուցմունքներ է տվել սահմանն ապօրինի հատած խմբի մյուս անդամը՝ գործով ամբաստանյալ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը: Այս մասին տեղեկացնում է «artsakhpress.am»-ը:

Մասնավորապես, կայքի հաղորդմամբ, այսօր կայացած դատական  նիստում  ցուցմունք  տալու ժամանակ Դիլհամ Ասկերովը նշել է, թե Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանին սպանել է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի սպանված անդամ Հասան Հասանովը։ Նա հավելել է նաև, որ  ինքը  լավ է  ճանաչում  Շահբազ Գուլիևին,  և  նա  ընդունակ չէր նման  հանցագործության։ Ամբաստանյալ Դ. Ասկերովն իրեն  անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության հանցակից  համարելով  հանդերձ նշել  է, որ այդ  սպանության համար  մեղքի   զգացում ունի։ Նրա  խոսքով  ինքը  500 մ հեռու էր գտնվել  Հասան Հասանովից և Շահբազ  Գուլիևից, որոնց   հետ եղել է  նաև  Սմբատ Ցականյանը, իսկ  հետո  նրանց   տեսել է  առանց  պատանու ուղեկցության։

«Սկզբում  տեսա  Շ.  Գուլիևին, իսկ  այնուհետև    Հ. Հասանովին,   և  երբ  նրանց հարցրեցի, թե  ու՞ր է  պատանին, նրանք  պատասխանեցին, որ   պատանին  իրեն վատ էր զգում   և  գնացել է։ Ես  մինչև ձերբակալվելս  էլ չեմ իմացել, որ  մեզ  ուղեկցող պատանին սպանված  է»,-  մանրամասնեց Դ. Ասկերովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: