Աբովյան 32 պատմական շենքը կրկին փորձում են կառուցապատել

Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված Աբովյան 32 շենքի դիմաց: Շենքը, որ կառուցվել է 1934 թվականին,  Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում  է ընդգրկված։

Շենքի բնակիչները պահանջում են դադարեցնել այստեղ իրականացվող շինարարական աշխատանքները՝ նշելով, որ այստեղ իրականացվող աշխատանքներն անօրինական են։

Շինարարություն իրականացնող անձը, որը չցանկացավ ներկայանալ մեզ հետ զրույցի ժամանակ, նշեց, որ իրենք ունեն թույլտվություն շինարարական աշխատանքեր իրականացնելու համար։ Նշենք, որ շենքը պատմամշակութային արժեք է՝ համաձայն ՀՀ կառավարության 1616-Ն որոշման։   Սակայն շինարարություն իրականացնողի  ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում մշակութային կոթողի համար համապատասխանող ընթացակարգին։ Այդ փաստաթղթերում այն պատմամշակութային չէ։
Բնակիչների ներկայացուցիչ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Ռուզաննա Հարությունյանն այս պահին դեպքի վայրում է, պարզելու՝ պատմամշակութային շենքի նկատմամբ իրականացվող գործողությունների օրինականությունը․ «Տարածքային նշանակության հուշարձանի փոփոխություն իրականացնելու համար պետք է Տարածքային կառավարման մարմնի թույլտվությունը, սակային իրենք չունեն այդ թույլտվությունը։ Այս պահին ոստիկանությունը շինարարության դադարեցման մասին արձանագրություն է կազմում»։
Բնակիչների խոսքերով իրենք բազմաթիվ անգամներ դիմել են քաղաքապետարան, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել։