Աբդուլքադիրովը և Դախտաևն ընդդեմ Ռուսաստանի

Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու և իրենց ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուները նաև բողոքել են իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ։

2002 թվականի սեպտեմբերին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Դիմումատուներին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում և մի քանի օր պահել են նրանց ոստիկանության բաժնում՝ Դատարանի կողմից կալանավորման որոշման բացակայության պայմաններում։ Դիմումատուների խոսքերով՝ ոստիկանության աշխատակիցներն իրենց ամեն օր էլեկտրական ցնցումների միջոցով խոշտանգումների են ենթարկել և հարկադրաբար ստիպել են խոստովանել իրենց կողմից չկատարված մի շարք հանցագործություններ։ Մասնավորապես՝ Դիմումատուները հարկադրաբար խոստովանություն են կատարել՝ անօրինական զինված խմբավորման անդամ հանդիսանալու, ոստիկանության մի քանի աշխատակիցների և զինծառայողների նկատմամբ կանխամտածված սպանություն գործելու մասին։ Դիմումատուները նաև բողոքել են, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց մահակներով ծեծի են ենթարկել և ձերբակալության ամբողջ ընթացքում սպառնացել են զենքով։

Հիմք ընդունելով ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ Դիմումատուների կատարած խոստովանությունները՝ 2004 թվականի մայիսին Ռուսաստանի ներպետական դատական ատյանները դատավճիռ են կայացրել՝ Դիմումատուներին 25 տարվա ազատազրկման դատապարտելու մասին։ Հետագայում, Դիմումատուների ազատազրկման ժամկետը կրճատվել է՝ Դատարանի վճռի դեմ Դիմումատուների կողմից ներկայացված բողոքի հիման վրա։

Դիմումատուները բողոքել են ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ իրենց ներկայացրած բողոքները մերժելու որոշման մասին։ Դիմումատուները նաև բողոք են ներկայացրել՝ իրենց դեմ հարուցված քրեական գործի դատավարության շրջանակներում լրացուցիչ վկաների հարցաքննության  ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին Դատարանի կողմից կայացված որոշման դեմ։ Այնուամենայնիվ, Դիմումատուների ներկայացրած բոլոր բողոքները մերժվել են, և համապատասխան մարմինները տեղափոխել են Դիմումատուներին նրանց մշտական բնակության վայրից  3․000 կմ հեռավորության վրա գտնվող ուղղիչ գաղութ՝ պատժի մնացած մասը կրելու համար։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում և 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Վերջիններս իրենց բողոքի մեջ հավելել են, որ ներպետական դատական ատյաններն իրենց գործով որոշում կայացնելիս հաշվի չեն առել ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումների արդյունքում ձեռք բերված ապացույցները։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն իրականացրել  իրենց գործով հետաքննությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 8-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 37․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և երկու Դիմումատուներին միասին 4․150 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։