ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարները և դատավոր Վաչե Մարգարյանը հարցաքննվել են

Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, Սասուն Խաչատրյանը և Արթուր Վանեցյանը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեյի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ  գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

Հավելենք նաև, որ ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։