Ֆաթիհ Թաշն ընդդեմ Թուրքիայի 

Դիմումատուն՝ Ֆաթիհ Թաշը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործերը վերաբերում են Դիմումատուի ներկայացրած երկու բողոքին՝ երեք գիրք հրատարակելու պատճառով իր դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը։

2008 թվականի սեպտեմբերի 9-ին և 29-ին Դիմումատուն երկու բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Համապատասխան ժամանակաշրջանում նա հանդիսացել է «Aram Basım ve Yayıncılık» կոչվող հրատարակչության սեփականատեր և գլխավոր խմբագիր։

Առաջին գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է գիրք հրատարակելուց հետո իր դեմ քրեական գործ հարուցելու և քրեական հետաքննություն սկսելու որոշման մասին։  Դիմումատուի հրատարակած գիրքը բաղկացած է Թուրքիայի «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) անօրինական ահաբեկչական կազմակերպության 17 անդամների հուշագրություններից։ 2003 թվականի սեպտեմբերին Թուրքիայի իշխանությունները բռնագրավել են տպագրված գրքի բոլոր օրինակները և Դիմումատուին մեղադրանք են առաջադրել՝ ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և նրանց գործունեությանը վերաբերող տեղեկությունները տարածելու համար։ Ի վերջո Ստամբուլի առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ գրքի որոշ հատվածներում բովանդակությունը բռնություն և ահաբեկչություն է քարոզում և Դիմումատուին առաջադրված մեղադրանքներում վերջինիս ճանաչել է մեղավոր։ Այնուամենայնիվ, 2011 թվականի ապրիլին դատարանը քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է հրապարակել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Երկրորդ գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ երկրորդ գիրքը հրատարակելուց հետո իրեն ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու համար մեղավոր ճանաչելու վերաբերյալ։ Ստամբուլի դատարանը որոշել է, որ Դիմումատուն՝ հանդիսանալով գրքի հրատարակիչ, մեղավոր է ահաբեկչական անօրինական կազմակերպությունը և նրա առաջնորդին գովաբանելու և գրքերի միջոցով ավելի շատ կողմնակիցներ ներգրավելու փորձեր կատարելու մեջ։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Դիմումատուն մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից նաև 2002 թվականին՝ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և հանցագործություններ կատարելուն օժանդակություն ցուցաբերելու համար։ Այսուհանդերձ, 2012 թվականին դատարանը կրկին քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է հրապարակել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Քրեական գործի հետաքննության շրջանակներում Դիմումատուն երբեք չի կալանավորվել, նախնական կալանավայրում չի պահվել և պատիժ չի կրել։

Այսպիսով, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում, 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր դատավարության երկար ժամկետի և այդ ժամկետները բողոքարկելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ առաջին բողոքի շրջանակներում Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 13-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 4.500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Երկրորդ բողոքի շրջանակներում ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում՝ «33 օր ջրհեղեղի մեջ» վերնագրով գիրքը հրատարակելուց հետո Դիմումատուի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 2.500 եվրո գումարի չափով փոխհատուցում։

Նշված գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։